Վրաստանը և Իսրայելը ամրապնդում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել համագործակցության խորացման մասին: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Լիբերմանը աշխատանքային այցով Վրաստան է ժամանել սեպտեմբերի 12-ին: «Այսօր մենք հռչակագիր ստորագրեցինք, որը համագործակցության հետագա խորացում է ենթադրում մեր գերատեսչությունների միջեւ»,-հայտարարել է Իզորիան: Նրա խոսքով՝ համագործակցության խորացման հիմնական ուղղությունը լինելու է ռեզերվի համակարգի ստեղծումը:
«Մեզ համար դա հրատապ թեմա է, քանի որ հոկտեմբերի 15-ին մենք ռեզերվի համակարգը գործարկում ենք փորձնական նախագծի տեսքով: Հաջորդ տարի մենք այն կընդլայնենք»,-ասել է Իզորիան:
Պաշտպանական գերատեսչությունների համագործակցության եւս մեկ գերակա ուղղություն է լինելու կիբեռանվտանգությունը: «Իսրայելը առաջնակարգ երկիր է տեխնոլոգիական նվաճումների ոլորտում, աչքի է ընկնում կիբեռանվտանգությամբ եւ պաշտպանվածությամբ, ուստի այդ բնագավառում մեր համագործակցությունը շատ կարեւոր է»,-ասել է Իզորիան, հաղորդել է Sputnik-ը: