«ԱԺ քննիչ հանձնաժողովը վտանգված է լինելու դառնալ պարապ հանձնաժողով». Էդմոն Մարուքյան
«Դատախազությունը չէր կարող գործ չհարուցել այս դեպքերի կապակցությամբ, հետևաբար՝ կապել սա, որ, այ, գործը հարուցվեց, որ կանխեն քննիչ հանձնաժողովի ստեղծումը, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում, որովհետև քննիչ հանձնաժողովի քննության արդյունքում որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, բայց Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի արդյունքներով կարող է ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվել։ Հետևաբար՝ սարերի ու ձորերի տարբերություն կա»,- այսօր քննիչ հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ հրավիրված Աժ արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա՝ ճշմարտությունն ամեն բանից թանկ է, պետք է այն պարզել, բայց չի կարելի պարզել սահմանադրական օրենքի խախտմամբ. «Որպեսզի այս հանգամանքները մենք քննարկման առարկա դարձնեինք, կա՛մ պետք է առնվազն քրեական գործ հարուցված չլիներ, կա՛մ քրգործը կարճված լիներ, որ մենք քննիչ հանձնաժողով ստեղծեինք»։
Մարուքյանի խոսքով՝ ՀՀԿ-ականների ստեղծած հանձնաժողովը վտանգված է լինելու դառնալ պարապ հանձնաժողով, որովհետև այն հարցերը, որ ցանկանա քննարկել, կպարզվի, որ դրանք կապված են նախաքննության հետ և չեն կարող այդ դաշտ մտնել, և հրավիրված մարդիկ էլ իրավունք չունենան գալ հանձնաժողով վկայություն տալու. «Ի՞նչ է նշանակում՝ գլոբալ։ Փաստեր պետք է քննի քննիչ հանձնաժողովը և այդ փաստերի վերաբերյալ տա եզրակացություն Ազգային ժողովին։ Սա է վիճակը։ Ես կարծում եմ՝ քանի որ հարցը դրված է, ճիշտ կլինի բոլորով դեմ քվեարկենք, հարցը հանենք օրակարգից, նոր նախագիծ բերեք, որ որևէ խոչընդոտ չհարուցի սահմանադրական օրենքի հետ, քննարկենք»։