Բաժիններ՝

Հարավային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորկի պատճառով 300 հազար մարդ է տարհանվել

Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են արդեն տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է CNN գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Հենրի Մաքմասթերին:

Նրա գնահատմամբ՝ մինչեւ փոթորկի վրա հասնելը, հնարավոր է, որ Հարավային Կարոլինայի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ստիպված լինեն լքել իրենց տները: Ինչպես հաշվել է CNN-ը, ավելի քան 25 մլն մարդ է ապրում Վիրջինիայից մինչեւ Ալաբամա ընկած ընդարձակ գոտում, որտեղ, օդերեւութաբանների կանխատեսման համաձայն, մոլեգնելու է «Ֆլորենս»-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, փոթորիկը չորրորդ կատեգորայից մինչեւ երրորդ է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից: Մթնոլորտային երեւույթի էպիկենտրոնում քամու արագությունը նվազել է վայրկյանում մինչեւ 56,9 մետր: «Ֆլորենս»-ը գտնվում է Միրթլ-Բիթչ քաղաքից (Հարավային Կարոլինայի նահանգ) 755 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում եւ հյուսիսարեւմտյան ուղղությամբ շարժվում է վայրկյանում 7,2 մետր արագությամբ:
Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգների, ինչպես նաեւ Վաշինգտոնի իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում է «Ֆլորենս»-ը, արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:

Հյուսիսային Կարոլինայում ափամերձ շրջանների բնակիչների տարհանում է հայտարարված, որը վերաբերում է ավելի քան 1,5 մլն մարդու: Ինչպես նախազգուշացրել են օդերեւութաբանները, փոթորիկը կարող է հանգեցնել աղետալի հեղեղումների: Միայն Հյուսիսային Կարոլինայում ավելի քան 1 մետր տեղումներ են սպասվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս