Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ՀԱԿ անդամի դեմ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանի դեմ՝ պատիվն արատավորելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Սարգսյանը՝ նշելով, որ պահանջում է, որ այդ անձը հերքում տպագրի և ներողություն խնդրի իրենից:

«Տվյալ անձին ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, նույնիսկ հեռախոսով հետը մեկ անգամ չեմ խոսել, գոնե ձայնը լսեմ: Իր մասին լսել եմ ընդամենը «Ավազահատիկի» հայտարարության առնչությամբ, որի մասին խիստ զարմացել եմ, որովհետև ընդհանրապես տեղեկություն չունեմ»,- ասաց Ա.Սարգսյանը:

Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանի պատասխանատվության խնդիր նույնպես չկա: Նա միաժամանակ չբացառեց, որ իրեն ևս կկանչեն հարցաքննության, իրեն կներգավեն քրեական գործում կամ իր դեմ քրգործ կհարուցեն. «Բնականաբար, գործը կարճվելու է, որովհետև ես որևէ կապ չունեմ դրա հետ»:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ պաշտոնական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, ինչպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր են ձեռք բերվել:

Գևորգ Գևորգյանը 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն և Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել:

2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում, ներգրավելով նաև վարկային միջոցներ, կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր: Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ, սակայն, սկսվել են խնդիրները։ Մասնավորապես, 2008 թվականին Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել Գևորգ Գևորգյանին և ասել, որ իր բաժնեմասերի 60 տոկոսը պետք է տա իրենց՝ 30 տոկոսը՝ իրեն, մյուս 30 տոկոսը՝ Ալիկ Սարգսյանին:

Տեսանյութեր

Լրահոս