«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավից առաջ պաստառ փակցնելն օրենքի խախտում չի համարում

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ քարոզարշավի մեկնարկից առաջ արդեն մայրաքաղաքում դաշինքի նախընտրական պաստառներ կան փակցված, Մարությանը նշեց, որ դա զուտ տեխնիկական հարց է:

«Ընդհանրապես ոչ մի օրենքի խախտում չկա: Մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել: Այն ընկերությունը, որը փակցնում է դրանք, փակցնելու աշխատանքները սկսել է 2 օր առաջ, բայց ավարտելու է այն 4 օր անց: Վերջին պաստառը փակցվելու է ամսի 14-ին»,- ասաց Մարությանը:

Դաշինքից ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանը հավելեց, որ այստեղ օրենքի բաց կա:

«Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի միայն ընտրության օրը և ընտրության նախօրդող օրը: Այսպես է նաև ընտրակաշառքի պարագայում, քանի որ քարոզարշավից առաջ ցանկացած օգնություն կամ աջակցություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»,- ընդգծեց Աբրահամյանը:

Մարությանն անդրադարձավ նաև այս օրերին հեռուսատեսությամբ ցուցադրվող իր մասնակցության ֆիլմերին: Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ դրանց ցուցադրումն իրենից կախված չէ։

Մարությանը նշեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո իրենք ամեն օրը նվիրելու են մեկ վարչական շրջանի:

«Ամեն օրվա վերջում վարչական շրջաններից մեկում լինելու է հանրահավաք, որտեղ մեր նախընտրական ծրագիրը ներկայացնելու եմ շատ հետաքրքիր ոճով»,- նկատեց Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930