«Եթե գործող վարչապետը մնա օրենքների սահմաններում, օգոստոսի 17-ի կրկնությունը չլինի, ամեն ինչ բնականոն կընթանա». Րաֆֆի Հովհաննիսյան
«Բավականին կրկնվող, տարածված լրատվության հոսք կա, որ տարբեր տեսակի ցուցակագրումներ են գնում մինչև քարոզարշավի մեկնարկը, որը մտահոգություն է առաջացնում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք գիտենք, որ բարեկամ մրցակիցներից մի քանիսը իշխանությունում ներկայացված են, և նաև իրենք պետք է շատ զգույշ լինեն՝ նույնիսկ ակամա չօգտագործելու համար վարչական ռեսուրսը, սա գիտակցման խնդիր է։ Բարեկամական հույս ենք տածում, որ շատ զգույշ կլինի գործող իշխանությունը, որպեսզի որևէ տեղիք չտա անցյալի կրկնության, որովհետև դա կլինի շատ վատ, բախտորոշ՝ թե՛ իշխանության, թե՛ ամենակարևորը՝ մեր երկրի առաջընթացի համար»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում իշխանավորները միշտ տառապել են ինքնասիրահարվածությամբ, մեծամտությամբ և ինքնապարփակության բարդույթով:
Հովհաննիսյանը նկատեց՝ եթե գործող վարչապետը մնա օրենքների սահմաններում, օգոստոսի 17-ի կրկնությունը չլինի, ամեն ինչ բնականոն կընթանա. «Եթե մենք ընդունած լինեինք մյուս ցուցակների ծրագիրը, գունավոր մոտենալը, քաղաքապետի իրենց թեկնածուին, մենք չէինք մասնակցի կամ ուղղակի կզորակցեինք։ Մենք համարում ենք, որ ցանկացած քաղաքացի կարող է դառնալ քաղաքապետ, եթե ունի ճիշտ մոտեցում, կրթություն, հնարավորություն՝ իրենից վեր տեսնելու լուծումները»։
Ցուցակի մյուս անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարություններին՝ դրական գնահատելով այն, որ Մարությանը կարճ ժամանակ անց ընդունեց իր «սխալականության մի մասը». «Թեև այնտեղ մի բան էլ կար, որը պարզաբանման կարիք ուներ։ Նա ասաց, որ միայն ՔՊ-ում են հավաքված մարդիկ, ովքեր ոչ միայն վերջին հեղափոխության ժամանակ են պայքարել, այլև մինչև այդ։ Իհարկե, բարեկամաբար եմ նայում դրան և առաջ եմ շարժվում, բայց մեր մոտեցումն այն է, որ մեզ համար չկան սևեր և սպիտակներ, տարբեր այլ գույներ, այլ կան քաղաքացիներ»։
Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ Հայկ Մարությանը հայտնի է՝ որպես ուրախ տղա, մարդկանց ուրախացնող, դրական դաշտում գտնվող մեկը. «Ես կարծում եմ, որ եթե ինքը նորից վերադառնա իր կերպարին, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Քանի որ նոր է քաղաքականության մեջ մտնում, մտածում է, որ պետք է ինչ-որ դիրք ընդունել։ Եթե նույնիսկ քաղաքականություն մտնելով՝ ինչ-որ վրիպումներ է թույլ տալիս, դա մեծ խնդիր չէ։ Կցավեի, եթե դա թիմի մտածողության խնդիր լիներ, հուսով եմ՝ այդպես չէ»։