Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել. ՀՀ ոստիկանապետ

Մարտի 1-ի նոր քրեական գործում ընդգրկված ոստիկաններ կան, որ շարունակում են աշխատել համակարգում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, մարտի 1-ի գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ոստիկաններ են ներգրավված եղել։

«Բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ փաստաթուղթ կեղծելու մասով չի կարող ոչինչ ասել:

168.am-ի հարցին՝ ոստիկաններն ինքնակա՞մ են գործել, թե՞ հրահանգ եղել է, Վ.Օսիպյանը պատասխանեց. «Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ո՞վ է արել՝ չեմ կարող ասել, արդյոք հնարավո՞ր է անել՝ եկեք ոչ մի բան չբացառենք, բայց եթե այդպիսիները կան, թող պատասխանատվության ենթարկվեն»:

Վ.Օսիպյանը նշեց, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել, ինքն անձամբ չի տեսել, բայց փայտեր եղել են: Նա տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով իրեն չեն հրավիրել հարցաքննության:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Քոչարյանը հրաման չի տվել մարտի 1-ի առավոտյան գործողություններ իրականացնել Ազատության հրապարակում։

Ավելի վաղ ՀՔԾ-ն տարածել էր հաղորդագրություն, որ 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1300 ծառայողներ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել  է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս