«ԱՄՆ-ի մեր գործընկերներին կներկայացնենք, թե ինչքան լավ է Հայաստանում ներդրումներ անելը». Արմեն Ավակ Ավակյան
Այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ ԱյԴի բանկի հետ համատեղ, կազմակերպել են մեկօրյա համաժողով, որը նվիրված է ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:
Համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն է, որը մասնակիցներին տալիս է եզակի ու արժեքավոր հնարավորություն՝ հնարավորինս վաղ իմանալ այն հայտնի ամերիկյան բրենդերի մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ:
«Միջոցառումը ֆրենչայզային բիզնեսի զարգացման նպատակ ունի։ Նաև ներկայացվելու է Հայաստանի ներդրումային հարթակը, թե Հայաստանն այս պահին ինչ հնարավորություններ թույլ կտա գործարարներին՝ որտեղ աշխատել, որտեղ ուղղորդենք ներդրումները, և ինչքան լավ է Հայաստանում գործ անելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Հարցին՝ ինչքա՞ն լավ է, որտե՞ղ գումար ներդնել, նա այսպես պատասխանեց.
«Կառավարության ծրագրում 3 առաջնահերթ սեկտորում է առաջարկվում ներդրումներ անել՝ IT, տուրիզմ, գյուղատնտեսություն։ Երեքն էլ շահութաբեր են այս պահին Հայաստանում։ Կա նաև էներգետիկայի սեկտորը, հատկապես՝ վերականգնողական էներգետիկայի սեկտորը, որ ևս շահութաբեր է»։
Ֆրենչայզինգի համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել հայ և ամերիկացի գործարարներին՝ օգնելով ձևավորել նոր գործընկերություններ հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում: Երեք ամերիկյան կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino’s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյա: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրին ֆրենչայզինգի իրենց կոնցեպտը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին: