Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.
«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնալորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարևորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա:
Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2013 թվականին` այդ բարձրացումները պարբերական դարձնելու խոստումով: Ուղիղ 5 տարի առաջ մեր աշխատավարձի բարձրացման ձեռքբերումը` մենք համարում ենք, որ հին Հայաստանի համար, դա իրոք ձեռքբերում էր, արդյունք էր մեր մի քանի տարի տևած հետևողական և համառ պայքարի:
Քանի որ մենք` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներս, մասնագիտական գործունեության հատուկ տեսակ ենք իրականացնում և գործադուլ անելու իրավունք չունենք, 2011 թվականին որոշեցինք միասնաբար ազատման դիմումներ գրել, որպես պատճառ նշելով ցածր աշխատավարձը: Մեր քայլն այն ժամանակ հանրային հնչեղություն ստացավ, որից որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ում ստուգումներ սկսվեցին, եղան ձերբակալություններ:
Մեր բողոքի արդյունքում աշխատավարձը նախ 2011 թվականին բարձրացվեց 10-15 տոկոսով, ապա 2013-ին` 20-25 տոկոս: Ավելին, նախկին կառավարությունը յուրաքանչյուր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել էր աշխատավարձի ամենամյա և պարբերական բարձրացում, ինչը սակայն չպահպանվեց: Այժմ մեր միջին աշխատավարձը կազմում է 250-300 հազար դրամ, որը վերջին տարիների համատարած գնաճի պայմաններում չի բավարարում մեր ընտանիքների նվազագույն սոցիալական պահանջների բավարարմանը:
2018 թվականի սկզբին մենք կրկին բարձրացրեցինք աշխատավարձերի բարձրացման հարցը, իսկ մարտ ամսին գրավոր դիմեցինք ՀԱԷԿ-ի տնօրենին: Ի պատասխան մեր բարձրացրած հարցի` մարտի 23-ին ՀԱԷԿ-ում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ աշխատավարձի բարձրացման ֆոնդը (ԱՖՎ) որոշվում է տարիֆային հանձնաժողովի կողմից:
Մեզ ասվեց, որ կայանի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել է բարձրացնել ԱՖՎ-ն, բայց անարդյունք: Մեզ նաև ասվեց, որ մինչև 2020 թվականն աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ ապահովել, քանի որ մենք գտնվում ենք կայանի աշխատանքի երկարացման փուլում: Այդ ժամանակ մենք որոշել էինք նախորդ անգամվա պես ազատման դիմումներ ներկայացնել, սակայն զերծ մնացինք այդ քայլին գնալուց` հաշվի առնելով, որ երկրում հեղափոխական գործընթացներ էին սկսվել և մեր գործողությունը կարող էր ակամայից քաղաքական որակում ստանալ:
Պարոն վարչապետ, 25.05.2018 թվականին ՀԱԷԿ-ում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ կայանի գլխավոր տնօրենն իր ելույթում նշեց, որ կայանի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովող շատ աշխատակիցներ ցանկանում են տեղափոխվել հարևան երկրների նմանատիպ կայաններ` արժանապատիվ վարձատրություն ստանալու նպատակով: Որակյալ կադրերի հոսք նախկինում ունեցել ենք, կունենանք նաև հետագայում, եթե աշխատավարձի բարձրացման հարցը լուծում չստանա:
Հեղափոխությունից հետո մենք նամակով դիմեցիենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանին, սակայն ստացանք հիասթափեցնող և ոչինչ չասող, այսպես ասած «ցրողական» պատասխան:
Կայանի անվտանգության համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմն ունենա կայուն հոգեբանական վիճակ և բարձր մասնագիտական որակավորում: Այսինքն` այդ գործով զբաղվող մասնագետները սոցիալական հարցերով չպետք է ճնշվեն: Ցավոք մենք այսօր աշխատանքի ժամանակ ստիպված ենք մտածել այլ տեղից գումար վաստակելու , կամ հանգստյան օրերին մեկ այլ տեղ աշխատելու մասին: Մենք ստիպված ենք հերթափոխից հետո երկրորդ աշխատանք կատարել` դրանից բխող ռիսկերով: Կամ էլ օգտագործելով մեր բարձր որակավորումը, փորձում ենք աշխատանքի անցնել օտարերկրյա կայաններում: Մեզ համար արժանահավատ չեն ֆինանսների բացակայության պատճառաբանությունները և պնդում ենք, որ ցանկության դեպքում այդ միջոցները կգտնվեն, ինչպես որ գտնվեցին մի քանի տարի առաջ:
Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը, հակառակ դեպքում մենք կհայտնվենք անելանելի վիճակում։
Լուծման ակնկալիքով` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներ»: