«Նոր Հայաստանում առաջնայինը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը». Նիկոլ Փաշինյան
Սևան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոնական էր. նրանց ողջունելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը երեխաներին ու ծնողներին կոչ արեց՝ ուսումնառության ընթացքում գիտելիք ստանալն առաջնահերթ դարձնել։ «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է։ Նոր Հայաստանում առաջնայինը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը։ Կարևոր է լինելու ոչ թե այն, ինչն անգիր ենք արել, այլ՝ հմտությունը։ Նոր Հայաստանում դպրոցն իր առջև ոչ թե երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու խնդիր պետք է դնի, այլ՝ պատրաստի թռիչքի, որովհետև եկել են ժամանակներ, երբ մենք պետք է կարողանանք թռչել ու հասնել շատ բարձր արդյունքների։ Նոր Հայաստանում սովորելը պետք է լինի ոչ թե տառապանք, այլ՝ հաճույք։ Նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ, և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով և երջանիկ»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա շրջայց կատարեց դպրոցում, զրուցեց առաջին դասարանի աշակերտների հետ։ Դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք Նիկոլ Փաշինյանի այցի մասին նախօրոք տեղյակ չեն եղել։
«Վարչապետի գալուց ընդամենը 5 րոպե առաջ ենք իմացել, որ նա ներկա է լինելու մեր միջոցառմանը։ Ծրագրի մեջ որևէ փոփոխություն չենք արել, միակ փոփոխությունը վարչապետին խոսքի իրավունք տալն էր»,- նշեց տնօրենը։ Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն այս տարի ընդունել է 111 առաջին դասարանցիների։