«Թող Աստված ապավեն լինի կրթական գործի նվիրյալներին ու կրթական հաստատությունների բոլոր սաներին». Գարեգին Բ-ի ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կաթողիկոսի ուղերձում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:
Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու:
Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ, կրթված սերունդների շնորհիվ, որոնք առ Աստված ապավինությամբ պիտի շարունակեն մեր ժողովրդի կյանքը հարստացնել ու բարեզարդել իրենց հոգու ու մտքի արարումներով, իրենց ստեղծած գիտական, հոգևոր ու մշակութային արժեքներով:
Կրթության ու գիտության նվաճումներով, համախումբ ջանքերով կրթական գործին սատարելով հնարավոր պիտի լինի մեր պետության ու ժողովրդի առջև սկիզբ առած վերափոխումների նոր պայմաններում ընթանալ առաջադիմության ու զարգացման անհետադարձ ճանապարհով:
Աղոթում ենք, որ Բարձրյալ Տիրոջ օրհնության ներքո ուսումնական տարին զարդարվի բազում հաջողություններով ու ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրի ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի: Թող Աստված ապավեն լինի կրթական գործի նվիրյալներին ու կրթական հաստատությունների բոլոր սաներին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ողորմությունը թող լինեն ամենքի հետ. ամեն»: