Բաժիններ՝

Գյուղացիական հողերի միացման դեպքում նախարարություն տնտեսություններն ապահովելու է ոռոգման կաթիլային ցանցով

ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից է հողերի մեծացումն ու կոոպերացիայի խթանումը՝ ընդհանուր հողակտորի արդյունավետության բարձրացման նպատակով: Նախատեսվող ծրագրով հողերի միացման դեպքում նախարարությունը տնտեսությունները կապահովի ոռոգման կաթիլային ցանցով:
Այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Շուտով սկսելու ենք նոր ծրագիր՝ կապված ոռոգելի գյուղատնտեսության հետ: Եթե հողերը միացնեն, ապա մենք կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով: Դրանց գրավչությունը միայն այն չէ, որ օգտագործվող ջրի ծավալը կպակասի, այլ նաև կավելանա բերքատվությունը, կբարձրանա բերքի որակը, ջուրը կհասնի բույսին, ոչ թե մոլախոտին: Խոշորացումը հնարավորություն կտա վերականգնել ցանքաշրջանառությունը»,-ասաց նախարարը:

Նրա հավաստմամբ՝ այսօր Հայաստանում միջին հողատարածքը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, 1.42 հեկտար չափս ունի: Կողք կողքի գտնվող փոքր հողատարածքներում աճեցնում են տարբեր մշակաբույսեր, օրինակ՝ մի տեղ ցորեն է, մյուսում՝ վարունգ, երրորդում՝ ծիրան, խաղող: Մեծ հողակտորի արդյունավետությունը դրանով էականորեն նվազում է:

Այդ դեպքում ոռոգման հարցում են նաև խնդիրներ առաջանում, տարբեր են լինում ոռոգման և գյուղտեխնիկայի պահանջները: Արդյունքում նախարարության համար շատ կարևոր է հողերի խոշորացումը` պահպանելով սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է, որ հողատերերը միավորեն իրենց հողերը, որպեսզի բարձրանա ընդհանուր հողակտորի արդյունավետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս