Կհստակեցվի հեռավոր համայնքների սպասարկման գործընթացը. խորհրդակցություն Փրկարար ծառայությունում
Օգոստոսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կատարված հանձնարարականների մասին:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ ստացվել է 13 ահազանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձավ առաջիկայում սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, տվեց անհրաժեշտ ցուցումներ:
Գնդապետ Ա. Նահապետյանը հանձնարարեց ծառայության ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին, մարզային փրկարարական վարչության պետերին հնարավորինս հստակեցնել ծառայության կազմակերպման գործընթացը՝ ապահովելով արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքում:
Տնօրենը հանձնարարեց մարզային փրկարարական վարչության պետերին սեղմ ժամկետներում ներկայացնել այն համայնքների տվյալները, որոնք հրշեջ-փրկարարական ջոկատներից գտնվում են նկատելի հեռավորության վրա՝ շեշտելով, որ պետք է անել հնարավորը, քննարկել ցանկացած արդյունավետ առաջարկ՝ հեռավոր համայնքներ առավել արագ հասնելու և սպասարկելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների վերջնական աշխատանքները, կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման գործընթացը և առաջիկայում սպասվող խոշոր միջոցառումների ընթացիկ հարցերը: