Բաժիններ՝

Թրամփը չի բացառել, որ Իրանը կրախի կմատնվի ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունների պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր վարչակազմի գործողությունները կրախի կմատնեն Իրանին: Այս կարծիքը Սպիտակ տան ղեկավարը հայտնել է օգոստոսի 30-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե երբ նրանք կզավթեն Մերձավոր Արեւելքը»,- ասել է նախագահը՝ խոսելով Իրանի մասին: «Իսկ այժմ հարց է՝ կփրկվեն նրանք արդյոք»,- հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ չզարգացնելով իր միտքը:

«Վերջին կես տարում մեծ տարբերություն է նկատվում»,- ասել է Թրամփը, որը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

ԳՀՀԾ-ին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով «բազմաթիվ մարդիկ կորցրել են հավատը իսլամական հանրապետության ապագայի հանդեպ»:

«Թեհրանը կհաղթի Սպիտակ տան հակաիրանական չինովնիկներին եւ կհաղթահարի տնտեսական խնդիրները»,- ասել է Ռոուհանին:

Իր հերթին Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օգոստոսի 29-ին հայտարարել է, որ ներկա փուլում ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ չեն կարող լինել: Ընդսմին նա հավելել է, որ «ԱՄՆ-ի հետ նախկին պայմանավորվածություններից օգուտը նվազագույն էր»:

Խամենեին նաեւ հայտարարել է միջուկային գործարքից հնարավոր դուրս գալու մասին այն դեպքում, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին: «Միջուկային գործարքը նպատակ չէ, այլ միջոց: Եթե այն չհամապատասխանի ազգային շահերին, ապա մենք դրանից դուրս կգանք»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս