«Ես խիստ հիասթափված եմ նրանից». Թրամփը հիասթափվել է Էրդողանից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես խիստ հիասթափված եմ նրանից: Տանուլ տվածը դեռ հետ կբերեմ, տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել է նա: Սկզբնապես Թրամփն ընդհանրապես չէր ցանկանում մեկնաբանել ամերիկա-թուրքական հարաբերությունները՝ հայտարարելով, թե իր համար դա ցավոտ հարց է:
Անկարան Բրանսոնին մեղադրում է լրտեսության եւ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Պաստորը գտնվում է տնային կալանքի տակ: Վաշինգտոնը պահանջել է նրա հանձնումը, բայց մերժում է ստացել, ինչից հետո սահմանել է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսեր:
Բացի դրանից, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ներքին գործերի եւ արդարադատության նախարարների նկատմամբ: Ի պատասխան Թուրքիան բարձրացրել է ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի, կոսմետիկայի եւ ծխախոտի ներկրման տուրքերը:
Վաշինգտոնում գտնում են, որ պաստորին կալանավորելով Թուրքիայի իշխանությունները վրեժ են լուծում այն բանի համար, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Թուրքիային հանձնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ Անկարայի վարկածով երկրում հեղաշրջման փորձի կազմակերպչին: