Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը

Այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նիստի բացման խոսքում նշել է, որ համաձայնագրի կիրարկման արդյունքում բոլոր ոլորտներում կիրականացվեն մեծ նշանակություն ունեցող բարեփոխումներ և մաղթել է հանձնաժողովին ակտիվ ու արգասաբեր աշխատանք: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել շահագրգիռ մարմինների կողմից նախապատրաստական փուլում կատարված աշխատանքները՝ հույս հայտնելով, որ մշակված նախնական փաստաթղթերը և տեղեկատվությունը կօգնեն հանձնաժողովին պատշաճ կերպով կատարել իր առջև դրված խնդիրները:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը զեկուցել է ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքի և ժամանակացույցի նախագծի մասին, ինչից հետո հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են ճանապարհային քարտեզի մշակման հստակ ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվի ԵՄ կողմի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզի տարբերակ:

Այսօրվա նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվող շրջակա միջավայրին և կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումները, որոնց վերաբերյալ զեկուցել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Զեկույցին հաջորդել է քննարկումը հարց ու պատասխան ձևաչափով: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ հանձնաժողովի անդամների կողմից բարձրաձայնված առաջարկությունները և հետագա նիստերի ձևաչափերը:

Տեսանյութեր

Լրահոս