«Ով ուզում է՝ վերադառնա, հանրությունն իր գնահատականը կտա»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանում թավշյա հեղափոխության համար մեղադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, որ սխալ էր թե՛ Սահմանադրությունը փոխելը, թե՛ նաև վարչապետի պաշտոնում փաստացի երրորդ ժամկետի առաջադրվելը:
Հիշեցնենք, որ նույն HTB հեռուստաընկերությանը տված իր նախորդ հարցազրույցում Ռ. Քոչարյանը ՀՀԿ-ին զգուշացրել էր իշխանությունը ճամպրուկ չդարձնել։
«Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն, և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»,- ասել էր Քոչարյանը:
Այժմ Ռ. Քոչարյանը վերահաստատում է իր քաղաքական հայտը՝ հայտարարելով, որ ինքն է լինելու «կոնսոլիդացիոն ուժեղ կենտրոնը»՝ միաժամանակ չբացահայտելով քաղաքականությանն իր մասնակցության ձևաչափը: Նա չխոսեց նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, նաև չնշեց, թե քաղաքական ո՞ր ուժերին կապավինի։
Հատկանշական է, որ կուսակցությունները ևս չեն շտապում բացահայտ աջակցել Ռ. Քոչարյանին, և ի պատասխան նրա ազդակների՝ իրենք ևս խոսում են «մեսիջների» լեզվով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ սահմանադրական փոփոխությունների մասին Ռ. Քոչարյանի գնահատականներն իրենց համար նորություն չեն, բայց և ընդունելի չեն, իսկ ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի ընտրվելը «բխում էր ՀՀ պետական շահից»։
«Այն ժամանակվա իրողություններով ՀՀԿ-ն ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն, և ըստ Սահմանադրության՝ մենք պետք է որոշեինք՝ ում ենք վստահում վարչապետի պաշտոնը։ Իսկ մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ազգային անվտանգությունն ավելի լավ գիտակցող և Արցախի շահը պաշտպանող գործիչ, քան Սերժ Սարգսյանը, չունեինք: Ուստի, հարգանքով վերաբերվելով հարգարժան երկրորդ նախագահի կարծիքին, չենք կիսում նրա դիրքորոշումը»,- ասել է Է. Շարմազանովը:
Ռ. Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու գաղափարին Շարմազանովը հակադարձել է՝ ասելով, թե իրենք կոնսոլիդացվում են ՀՀԿ-ի գաղափարների շուրջ և ունեն իրենց քաղաքական օրակարգը, սակայն պատրաստ են համագործակցել բոլոր այն գործիչների հետ, որոնք կկիսեն իրենց կարծիքն այդ օրակարգի շրջանակներում:
Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ խորհուրդ էր տվել որևէ մեկին անվերապահ չպաշտպանել։ «Մենք կարող ենք համագործակցել ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու մտահոգությունները, ով ուզում է՝ լինի, թե չէ, հակառակը որ լիներ, մենք ՀԱԿ-ի հետ միասին քառյակ չպետք է կազմեինք»,- ասել էր Ռուստամյանը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ փաստերը մեկնաբանության կարիք չունեն, օրինակ՝ ՀՀԿ նախընտրական ծրագրում սահմանադրական փոփոխություններ չկային, բայց այդ քայլին գնացին, կամ Սերժ Սարգսյանն ինքն էր ժամանակին ասել, որ չի կարելի՝ նույն անձը երրորդ անգամ երկիր կառավարի, բայց առաջադրվեց՝ արդեն որպես վարչապետ։
Նա խորհուրդ տվեց «եթե»-ներով հարցեր չհնչեցնել, օրինակ՝ եթե Սարգսյանը չդառնար վարչապետ, իշխանափոխությունը չէր լինի. ««Եթե»-ն պատմությունն է գնահատում»։
«Եկեք ապագային նայենք։ Ինչո՞ւ ենք սիրում ամեն անգամ անցյալին անդրադառնալ։ Ես ամեն անգամ չեմ կարողանում ընկալել, թե ինչ հաճույք ենք մենք ստանում՝ անցյալին վերադառնալ, երկու մարդու արտահայտած կարծիքներին չորրորդ մարդու կարծիք գումարել և իրար բաժանել։ Եկեք խոսենք միասնության մասին, ի՞նչ ենք անելու վաղը։ Ինձ համար այն, ինչ անցյալ է, այլևս անցյալ է։
Դրանից դասեր են քաղում և գնում առաջ։ Ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ ենք մենք անելու վաղը, օրինակ՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, ի՞նչ ենք անելու, որ այդ օրն ազգովի լավ տոնենք, կամ սեպտեմբերի 21-ին ի՞նչ ենք անելու, կամ սեպտեմբերի վերջին խորհրդարանում հաջորդ տարվա նոր բյուջեն պետք է լինի, ի՞նչ առաջարկներ կան։ Եկեք անցյալը մի կողմ դնենք, էլի։ Հատկապես՝ նախկին երկու ղեկավարների, որոնք այսօր չկան, նրանց մասին ի՞նչ խոսենք»,- հորդորեց Թ.Պողոսյանը։
Մեր հարցին, թե Ռ. Քոչարյանն անցյա՞լ է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ նա չկա. «Իսկ ի՞նչ է՝ կա՞, որտե՞ղ կա»։
Հիշեցմանը, որ Ռ. Քոչարյանը «վերադարձել է քաղաքականություն», «դարձել կոնսոլիդացիոն կենտրոն», Թ.Պողոսյանն իր հերթին հիշեցրեց, որ մենք այսօր ապրում ենք նոր Հայաստանում։
«Շատ լավ է, ես ուրախ եմ, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ ցանկացած հայ, որը ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, կարողանա զբաղվել։ Քաղաքականությամբ զբաղվելու և իշխանության գալու համար մենք ունենք հետաքրքիր մեխանիզմ, որ կոչվում է ընտրություններ։ Ընտրությունների համար պետք է ձևավորել քաղաքական ինստիտուտ՝ կուսակցություն, կոալիցիա կամ այլ միավոր, ձևավորել ծրագիր, ներկայացնել հայտ, հանրությունն էլ կքվեարկի ու գնահատականը կտա։ Իսկ ինչի՞ մենք պետք է ապրենք մի երկրում, որտեղ որևէ մեկը դրա իրավունքն ունի, իսկ մյուսը՝ ոչ։
Չէ՞ որ մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստան, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ, որոնք մեր օրենքները պետք է ապահովեն։ Ով ուզում է՝ վերադառնա, հանրությունն իր գնահատականը կտա։ Վերադարձը ես այդպես եմ պատկերացնում։ Ես, օրինակ, չեմ ընդունում վերադարձ, որ ինձ պետք է վախեցնեն։ Ես վախերով չեմ ապրում։ Ես տեսնում եմ գործընթաց, ցանկացողները, եթե օրենքները թույլ են տալիս, թող մասնակցեն։ Հանրությունն էլ կգնահատի, ու քվեարկության արդյունքներն ամեն մի քաղաքական գործիչ իր համար կհասկանա»,- ասաց Թ.Պողոսյանը։