Քաղաքական ուժերը դպրոցների վրա պետք է ունենան զրո ազդեցություն. Արայիկ Հարությունյան
«Առաջիկայում նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը դպրոցների վրա պետք է ունենան զրո ազդեցություն:
Եթե կլինեն դպրոցները քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձեր, ապա այդ խնդրով կզբաղվեն իրավապահ մարմինները»: Մոսկվայի տանը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն է արել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նոր իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից հայտարարել ենք դպրոցների ապաքաղաքականացման մասին, որովհետև համոզված ենք` դպրոցում հանրակրթության նահանջի կարևորագույն պատճառներից մեկը եղել է դպրոցների քաղաքականացվածությունը: Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է լինի զրո: Այն դպրոցներում, որտեղ այս պահանջը չի պահպանվի, որտեղ նախկին կամ ներկա իշխանությունները, ազդեցիկ օլիգարխները կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցի գործերին, Կրթության և գիտության նախարարությունը, կարծում եմ նաև Երևանի քաղաքապետարանը կմիջամտեն, որ նման ազդեցությունը իջեցվի և դառնա զրո»,- հայտարարել է նախարարը:
Խորհրդակցության մասնակիցներին Արայիկ Հարությունյանն ներկայացրել է նաև ԿԳ նախարարության կողմից մշակվող բարեփոխումները: Հիմնական ուղղություններից մեկը դպրոցների խորհուրդների ձևավորման կարգի փոփոխությունն է, որոնք ևս, ինչպես նախարարն է ընդգծել, պետք է ազատվեն տարատեսակ կողմնակի ազդեցություններից` նպատակ ունենալով խորհուրդների նախկինից ժառանգված արատավոր համակարգն ամբողջությամբ արմատախիլ անել:
Փոփոխություններ են լինելու նաև տնօրենների և ուսուցիչների ընտրության կարգում: Նախարարը խոսել է դպրոցների ավարտական քննությունները միասնական ձևաչափով անցկացնելու նախաձեռնության մասին, որը տարատեսակ մեկնաբանությունների և մտահոգությունների տեղիք է տվել.
«Ինձ համար շատ զարմանալի էր, որ այս նախաձեռնությանը շատ բուռն արձագանքեցին որոշ «պրեստիժնի» դպրոցներ և ուսուցիչները:
Կարծում եմ` շատերը մտավախություն ունեն, որ միասնական քննության արդյունքում որոշ միֆերը քանդվելու են: Ինձ զեկուցել են, որ ամենալավատեսական գնահատականներով միասնական քննություններից աշակերտների մինչև հիսուն տոկոսը կարող են կտրվել: Ես խնդրել եմ Գնահատման և թեստավորման կենտրոնին հոկտեմբեր ամսին իրականացնել արտաքին գնահատում, որպեսզի մենք ընդհանուր պատկերը հասկանանք: Բայց մենք այլընտրանք չունենք և վաղ թե ուշ այս համակարգին անցնելու ենք», – նշել է ԿԳ նախարարը` հավելելով, որ ավարտական միասնական քննություններն ընդամենը ենթադրում են փոխել քննության կազմակերպման վայրը` դպրոցի փոխարեն քննական կենտրոն, որտեղ վերահսկողությունը կիրականացվի ԳԹԿ-ի կանոններով:
«Հարցաշարերի և առաջադրանքների փոփոխություն չի լինելու, մենք որևէ նոր բարդ առաջադրանքներ չենք մտցնելու»,- պարզաբանել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ առաջիկա տարվա համար առնվազն երկու առարակայից միասնական ավարտական քննություններ անպայման կազմակերպվելու են:
Այդ նպատակով ԿԳ նախարարությունում այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է կազմակերպչական հարցերը: Անդրադառնալով դպրոցական համազգեստի խնդրին, որը ևս լայնորեն քննարկվում է հանրային տարբեր շրջանակներում, Արայիկ Հարությունյանը նորից շեշտել է, որ դպրոցներում միասնական համազգեստի պարտադրանքն անընդունելի է:
Նախարարը նաև նշել է, որ դպրոցական առարկայական ծրագրերն այս տարի չեն փոխվել, քանի որ դրա համար պահանջվում է տևական ժամանակ: Սակայն և առարկայական ծրագրերը, և դասագրքերը, և քննական շտեմարանները ենթակա են փոփոխության` մասնագիտական լայն քննարկումներից հետո: Տնօրեններից մեկը մտահոգություն է հայտնել, թե ԳԹԿ-ի հրապարակած շտեմարաններն ու դրանց հիման վրա կազմվող քննական թեստերը ամբողջությամբ չեն համապատասխանում դպրոցական ծրագրին: Ի պատասխան նախարարը նշել է, որ մտահոգությունն ընդունելի է և շտեմարանների հարցը քննարկվում է բովանդակային բարեփոխումների համատեքստում:
«Շտեմարանային թեստերը կազմված են ոչ թե աշակերտի գիտելիքները ստուգելու, այլ սխալվելու հնարավորությունները մեծացնելու տրամաբանությամբ: Համոզված եմ, որ դրանք պետք է փոխվեն>>,- ասել է Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով համընդհանուր ներառական կրթության խնդիրներին` նախարարը նշել է, որ պետք է տանել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, գալիք տարվանից Երևանում համընդհանուր ներառման անցնելու համար:
Խորհրդակցությանը մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են օտար լեզուների դասավանդման արդյունավետությանը, ՌԴ կամ այլ երկրի քաղաքացիություն ունեցոների համար ռուսերենի դասավանդմամբ դասարանների գործունեությանը, դպրոցների ֆինանսավորման բանաձևին, դասարանենրի միջին խտությանը և այլն: