ԱՊՀ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Աշգաբադում 2019 թվականի հոկտեմբերին
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Թուրքմենստանի նախագահությամբ, տեղի կունենա Աշգաբադում 2019 թվականի հոկտեմբերին: Այդ մասին Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը՝ ԱՊՀ-ի մշտական ներկայացուցիչների նիստից առաջ: 2019 թվականին ԱՊՀ-ի նախագահությունը Տաջիկստանից անցնում է Թուրքմենստանին:
«Թուրքմենստանը շատ լրջորեն ու հիմնավոր է մոտենում հաջորդ տարի ԱՊՀ-ում իր երկրի նախագահությանը, պատրաստվել է նախագահության հայեցակարգը, որը նախատեսում է այդ երկրի նախագահությամբ բազմաթիվ միջոցառումների անցկացում Թուրքմենստանի տարածքում,-ասել է Լեբեդեւը:-Դրանց թվում են՝ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի հոկտեմբերին Աշգաբադում, կառավարությունների ղեկավարների նիստը, որն արդեն պլանավորված Է հաջորդ տարվա մայիսի վերջին»: Լեբեդեւի խոսքով՝ ծրագրվում է անցկացնել նաեւ ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
«Ես վստահ եմ, որ մշտական եւ լիազոր ներկայացուցիչները հավանություն կտան այն միջոցառումներին, որոնք Թուրքմենստանը պլանավորում է հաջորդ տարի»,-ասել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: