«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը լուրջ ասելիք և անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում». Էդուարդ Շարմազանով
«Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչը լուրջ ասելիք և անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Քոչարյանն ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական իրավունք՝ զբաղվել քաղաքականությամբ. «Կարծում եմ, որ նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն իսկ զբաղվում է քաղաքականությամբ»։
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն պատրաստ է բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում նաև՝ Քոչարյանի, բայց կոնկրետ օրակարգի շուրջ.
«Մեզ համար կարևոր հարցերն են՝ ազգային և քրիստոնեական արժեհամակարգի պահպանումը, որի մասով վերջին ամիսներին լուրջ վտանգ եմ տեսնում, և ոչ միայն ես, այլ նաև շատ մեր գործընկերներ։ Չի բացառվում, որ ԱԺ-ում օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես գանք, որոնք ուղղված կլինեն քրիստոնեական արժեքների և ավանդական ընտանիքի և երեխաների իրավունքների ամրապնդմանը։
Նաև օրենսդրական նախաձեռնություն՝ աղանդավորական շարժումների, պղծության, հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ։ Չեմ բացառում, որ նման օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք։ Մյուսը ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն է, և ամենակարևորը՝ Արցախի հարցում մենք անզիջում ենք լինելու։ Անզիջում ենք լինելու նաև Ցեղասպանության ճանաչման հարցում։ Ինչպես նաև՝ հետևողական ենք լինելու, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի. սա է մեր օրակարգը»։
Իսկ ՀՀԿ ղեկավարն, ըստ նրա՝ շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանը. «Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը չենք քննարկել, բայց Քոչարյանի ձերբակալության, կալանավորման հետ կապված՝ արել ենք երկու հայտարարություն, որոնք առանց կուսակցության նախագահի չի կարող լինել»։
Հարցին՝ Քոչարյանին նկատի չունե՞ր Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ պետք չէ քնած հրաբուխներին ձեռք տալ, նա այսպես պատասխանեց. «Եթե դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում»։