«Որպեսզի նոր կառավարությունն ավելի լավ կառավարի, պետք է լսի ընդդիմության կարծիքը». Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ թեև այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի թելադրանքով կարծիք փոխել, բայց չի տրվի այդ գայթակղությանը.
«Սևանը մեր աչքի լույսն է, կա պետական ծրագիր, միևնույն ժամանակ՝ մենք ունենք գյուղատնտեսության առջև կանգնած հարց, եթե այդ հողերը չոռոգվեն, կունենանք լուրջ աղետ։ Այդ իմաստով խորհրդարանը պետք է ամբողջ ծավալով իրականացնի վերահսկողական գործառույթները։ Որպեսզի նոր կառավարությունն ավելի լավ կառավարի, պետք է լսի ընդդիմության կարծիքը, նաև շատ դեպքերում չկատարի հին կառավարությունների սխալները»։
Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով՝ պետք է Սևանից ջուր բաց թողնել, որպեսզի գյուղացիական տնտեսությունները չջրազրկվեն. «Հակառակ դեպքում մենք կգնանք աղետի։ Ընդդիմություն լինելը լավ բան է, բայց պետական գաղափարախոսությունն ավելի կարևոր է»։