Բաժիններ՝

Մարտունի քաղաքը ցնցված է դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչությունը ցնցված է թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից, որը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ երեկոյան ժամերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժներից, ինքնասպանվածի դին հայտնաբերվել է իր բնակարանում՝ առաստաղից կախված վիճակում: Ոստիկանության եւ փրկարարների օգնությանը դիմել է Նաիրի Մովսիսյանի կինն այն բանից հետո, երբ ամուսինը չի արձագանքել ոչ դռան թակոցներին, ոչ էլ հեռախոսի զանգերին: Ոստիկանները դուռը բացելուց հետո Նաիրի Մովսիսյանին հայտնաբերել են կախված վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:ՀՀ ԿԱ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտո Ղազարյանի հավաստմամբ՝ նախնական զննությամբ ինքնասպանվածը որեւէ գրություն չի թողել:

«Նաիրին հարգված, աշխատասեր ծնողների զավակ էր, նույնքան հարգված ու ճանաչված, գրագետ ու կիրթ անձնավորություն, սիրված ղեկավար: Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, բոլորիս համար մնում է առեղծվածային: Նա ուներ ներդաշնակ ընտանիք, խնամքին՝ երկու անչափահաս երեխա: Ցնցված ենք բոլորս, ցնցված է ողջ քաղաքը»,-հայտնեցին Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժները:
Նաիրի Մովսիսյանը 38 տարեկան էր:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս