Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են գիշերը միմյանց ուղղությամբ արձակված 147-ական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: ԱԹՍ-ների զանգվածային գրոհի պատճառով Ուկրաինայի յոթ շրջանում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում այրվել են վարչական շենք և առևտրային համալիր, վնասվել են բազմաբնակարան և մասնավոր շենքեր: 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Խարկովի մարզում գիշերվա ընթացքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Խերսոնում էլ ռուսական հարվածներից 3 մարդ է վիրավորվել:
Ուկրաինական ուժերն էլ հարվածներ են հասցրել Ռուսաստանին: Ուֆայում ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի: Տուժածներ չկան: Նաև թիրախավորվել են Ուֆայի նավթավերամշակման գործարանները: ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են արդյունաբերական գոտում, որտեղ հրդեհ է բռնկվել:
«Գազպրոմ»-ն իր հերթին հայտնել է Կրասնոդարի երկրամասում «Թուրքական հոսք» գազատարի կոմպրեսորային կայաններից մեկի ուղղությամբ հարձակումը հետ մղելու մասին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանգամանալից զրույցի մասին, որին միացել են նաև սենատոր Լինդսի Գրեհեմը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Զելենսկին քննարկումները դրական է որակել: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին թիմերը կապի մեջ կլինեն՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթն ամրապնդելու համար: Նրա խոսքով՝ սա կարող է հիմք հանդիսանալ պատերազմի հուսալի ավարտի համար:



