Ուշացած գնալ պատարագի, հետո հրմշտոց ստեղծել եկեղեցում՝ պետական պաշտոնյայի համար պատշաճ չէ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Երեկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հերթական սկանդալը տեղի ունեցավ մայրաքաղաքում։ Նախորդ շաբաթ նա Երևանի Մետրոպոլիտենում աղմուկի կիզակետում հայտնվեց, երբ հանդիպելով արցախցի կնոջը, նրան անվանեց «փախածներ», իսկ երեկ արդեն Սուրբ Աննա եկեղեցում էր։
Ծաղկազարդի տոնին նվիրված՝ եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանն էլ որոշել էր, որ իր քարոզարշավի շրջանակներում ձեռքի հետ կարող է մտնել եկեղեցի, բոլորին հրելով առաջ գնալ։ Եկեղեցին մարդաշատ էր, իսկ Փաշինյանի թիկնապահները, մարդկանց հրմշտելով, ճանապարհ էին բացում, որ վերջինս գնա ու կանգնի առաջին շարքում: Մարդիկ նյարդայնացան. Արդյունքում՝ Եկեղեցում սկսվեց հրմշտոց։ Դեպքի առնչությամբ այս պահին ձերբակալված են 3 անձ, նրանցից 2-ը երկվորյակ եղբայրներ են՝ ավագ դպրոցի աշակերտներ։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը 168.am-ին մանրամասնեց, թե ինչպես պաշտոնյան իրեն պետք է դրսևորի եկեղեցում, կամ առհասարակ եկեղեցում քաղաքացին իրեն ինչպես պետք է պահի, առավել ևս, եթե նա եկեղեցի է մտնում պատարագի կեսին։
«Եթե անձը պաշտոնյա է, ու իրեն անվտանգությունն է ուղեկցում, պատշաճ է, որ նա ժամանակին ներկա գտնվի պատարագին։ Նախ ճիշտ կլինի, որ եկեղեցում տեղյակ լինեն տվյալ պաշտոնյայի գալու մասին, որպեսզի եկեղեցում նրա համար տեղ հատկացնեն, որպեսզի գնա նստի, իսկ դրա համար ցանկալի է, որպեսզի պատարագի սկզբից ներկա լինի։ Իսկ ուշացած գնալ պատարագի, հետո հրմշտոց ստեղծել եկեղեցում՝ պետական պաշտոնյայի համար պատշաճ չէ։ Իսկ պատարագից ուշանալու դեպքում, բարեկրթությունը պահանջում է, որպեսզի համբերատար լինեն ու սպասեն, այլ ոչ թե անվտանգության աշխատակիցները ճանապարհ բացեն, բռունցքով հարվածեն մարդկանց և այլն»,- նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ըստ հոգևորականի, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում էր պատարագի ներկա լիներ, կարող էր այցելել Մայր տաճար, կամ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն ավելի մեծ եկեղեցի է, և հրմշտոց ստեղծելու կարիք չէր լինի։
«Լավ, եթե մարդն ուշացած էր հասել պատարագի, ցանկալի էր գոնե մինչև վերջ մնար, եթե ուղղակի պետք է մտնես ու դուրս գաս, ուրեմն իմաստ չկա մարդկանց հրմշտելով հասնես դիմացը կանգնես։ Մոմակալի մոտ կարող էր իր մոմը վառեր, աղոթքն աներ ու հանգիստ դուրս գար, այլ ոչ թե ուշացած գնար, հրմշտեր՝ առաջ գնար, դպրոցահասակ տղային թարս նայեր, լավ իմանալով, որ մեր հասարակության մի մասը իր հակաեկեղեցական կեցվածքի հանդեպ ինչ դիրքորոշում ունի։ Այս ամենը լավ իմանալով՝ չպետք է սադրեր: Եթե գնում ես մի տեղ, ընտանիքի տատիկին ու պապիկին, հորն ու մորը վիրավորում ես, հնարավոր է, չէ՞, զավակների կողմից հակադարձում լինի։ Եթե դու Վեհափառ հայրապետին ավազանի անունով ես դիմում, հարգալից չես, կարող է շարքային հավատացյալների կողմից անհարգալից վերաբերմունքի արժանանաս։ Վերաբերմունքը կոռետ չէր ձերբակալված 2 եղբայրների հանդեպ, առավել ևս՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ»,- հավելեց տեր Վրթանեսը։
Քահանայի համար անընդունելի է նաև եկեղեցում գտնվող քաղաքացու հանդեպ անհամաչափ ուժի գործադրումը, երբ հարվածում են երեխային, ու դրանից հետո նրան ձերբակալում են։
«Այդ անձը եկեղեցի էր մտել նախընտրական քարոզարշավ անելու, որի իրավունքը չուներ։ Ես այլ կուսակցության անդամների չեմ տեսել, որ գան եկեղեցի ու նախընտրական քարոզարշավ անեն։ Եկեղեցում այդքան մարդ կար, բացի իրենցից, որևէ մեկը կուսակցական տարբերանշաններով չէր։ Այդ անձն իր անվտանգության աշխատակիցների հետ միասին եկեղեցում խանգարել է ծիսական արարողության կատարման ընթացքին, որը քրեորեն հետապնդելի է։ Իհարկե, այս առումով հույս չունենք, որ դրա համար իրեն պատասխանատվության կենթարկեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Տեր Վրթանեսը նաև հիշեցրեց օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպը, որտեղ քաղաքացին մոտենում է Ալեն Սիմոնյանին և ասում է, թե կարո՞ղ են զրուցել, որից հետո ԱԺ նախագահն ասում է՝ «սրան տարեք»։ Քահանան անընդունելի է համարում պաշտոնյայի նման խոսույթը՝ ասելով, որ իրավունք չունի քաղաքացուն անվանելու «սրան»։
«Նման պաշտոնյաներ մեր հասարակության մեջ չպետք է լինեն։
Նախկին պաշտոնյանները եկեղեցում իրենց երբեք նման պահվածք թույլ չէին տա»,- ընդգծեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։



