Բաժիններ՝

Մեծ Պահք. Մարտի 29-ին՝ Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի, այս տարի մարտի 29-ին, նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

««Եվ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից բազում ժողովուրդ գնաց: Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. Արձակեցեք բերեք ինձ: Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կասեք, որ Տիրոջը պետք են և նա իսկույն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը` հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա»:

Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր, և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին, և նա նստեց դրանց վրա: Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «0րհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն` բարձրունքներում» (Մատթ. Ի 29- ­ԻԱ 1­9)»։

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031