Բաժիններ՝

ՀՀ–ում առաջին անգամ միավորվել է 6 ֆինանսական կառույց AI մեգանախագծին 300 մլն դոլար ֆինանսավորում տրամադրելու համար

Մարտի 26-ին տեղի է ունեցել ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը վեց ֆինանսական կառույցների միջև։ Սինդիկատի մասնակիցներն են՝ Արդշինբանկ, Ակբա բանկ, Էվոկաբանկ, Ֆասթ Բանկ, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ֆոնդ, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ֆոնդ:

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 450 մլն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ձևավորվել է տվյալ սինդիկացված ֆինանսավորման միջոցով։ Արդշինբանկի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ իրականացված գործարքը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորել է մեկ գաղափարի և մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով Ֆայրբըրդ ԷյԱյ ընկերությանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Սա ներդրում է ոչ միայն «Firebird AI» ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Այս մեգանախագիծը բխում է 2025 թվականին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես, արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտներում երկկողմ փոխըմբռնման հուշագրից, որը կապահով կոնկրետ կիրառական արդյունքներ մեր պետության համար՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների»։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց. «Firebird նախագծի հաջող ֆինանսավորումը վկայում է, որ Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգը վերջին տարիներին հասել է որակական նոր մակարդակի։ Այն արդեն ունի բավարար ներուժ՝ գնահատելու, կառուցելու և ուղեկցելու նման մասշտաբի և միջազգային նշանակության ներդրումային ծրագրեր։ Նախագծի երկրորդ փուլը, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում, նախատեսում է լրացուցիչ՝ շուրջ 41,000 NVIDIA պրոցեսորների ներգրավում՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սա նշանակում է, որ Հայաստանը կդասվի աշխարհի այն երկրների շարքում, որոնք ունեն արհեստական բանականության խոշորագույն և առավել հզոր հաշվողական ենթակառուցվածքներ»։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ընդգծեց․ «Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի օրինակը ցույց է տալիս, թե ինչի կարող ենք հասնել մեր երկու երկրների համագործակցությամբ, երբ համադրում ենք մեր կարողությունները տեխնոլոգիական նորարարության ոլորտում։ Այս համագործակցությունը նաև ներկայացնում է մեր երկու երկրների ուժեղ կողմերը՝ օգտագործելով ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական արտահանման արժեքը՝ ներառյալ NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորները (GPU-ներ) և Dell-ի տեխնոլոգիաները, միաժամանակ հենվելով Հայաստանի զարգացած բարձր տեխնոլոգիական ոլորտի ներուժի և հավակնությունների վրա»։

Սույն գործարքը սահմանում է այսպիսի լայն սինդիկացված վարկավորման կիրառման գործնական նոր ձևաչափ Հայաստանի ֆինանսական շուկայում։ Գործարքը ամենախոշորն է` որպես ֆինանսավորում, իսկ նախագիծը՝ որպես ԱՄՆ ներդրում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ:

Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական և ԱԲ տվյալների մշակման կենտրոնը։ Այն հետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մասշտաբային կերպով ներդնել նորագույն ԱԲ տեխնոլոգիաներ՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ և հաջորդ սերնդի նորարարությունների կարևոր հանգույց։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031