Դավոսում համաժողովի հոգաբարձուների խորհրդի կազմը կարող են կրճատել. FT
Նախկին ղեկավարության շրջանում սկանդալների ֆոնին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի հոգաբարձուների խորհուրդը, որն ունի 28 անդամ, կարող է կրճատվել։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ավելի վաղ Համաշխարհային տնտեսական համաժողովի հոգաբարձուների խորհուրդն անկախ հետաքննություն էր սկսել համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբի նկատմամբ։ Հետաքննությունն սկսվել էր անանուն իրազեկչի նամակից, որում Շվաբը եւ նրա կինը մեղադրվում էին ֆինանսական խարդախության եւ էթիկայի նորմերի խախտումների մեջ։ Ավելի ուշ հրաժարական տվեց նաեւ Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ եւ գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեն, որը ներգրավված էր դատապարտված մանկապիղծ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործում։
«Մինչ նախագահի եւ գործադիր տնօրենի պաշտոնների համար ապագա առաջնորդների ընտրությունն սկսելը՝ մենք պետք է որոշակի ներքին աշխատանք կատարենք։ Մենք պետք է հասկանանք հոգաբարձուների այդքան մեծ խորհրդի առավելությունները։ Ես վստահ չեմ, որ դրանք գոյություն ունեն»,- ասել է խորհրդի անանուն ներկայացուցիչը։
Թերթի մեկ այլ աղբյուր նշել է, որ տարբերակներից մեկը կարող է լինել նոր ղեկավար մարմնի ստեղծումը, որը կներառի գործող եւ նոր անդամների։ Բացի այդ, նախատեսվում է վերանայել հոգաբարձուների պաշտոնում գտնվելու ժամկետները. ներկայում սահմանափակումներ չկան։
Նշվել է, որ որոշումը կարող է կայացվել հոգաբարձուների առերես հանդիպման ժամանակ ամռանը: FT-ն գրել է, որ հնարավոր բարեփոխումը կօգնի «համախմբել իշխանությունը» Համաշխարհային տնտեսական համաժողովի երկու համանախագահների՝ BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինկի եւ Roche Holding-ի փոխնախագահ Անդրե Հոֆմանի ձեռքում:



