Կարգալուծությունը Կաթողիկոսի մենաշնորհն է, որևէ մեկը չի կարող այդ որոշումը չեղարկել. Նաթան սրբազան
Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու արգելքը։ Նաթան սրբազանի փաստաբան Շուշան Հարությունյանը ՔԿ–ում անցկացված հարցաքննությունից հետո հայտնեց, որ արքեպիսկոպոսին մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Պաշտպանական կողմին մեղադրանքը պարզ չէ։
«Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն ու պաշտպանյալիս մեղադրյալ հանդիսանալու կարգավիճակը՝ կարծում եմ` հետագայում դատավարական ակտերի բողոքարկումներ կլինեն»,- ասաց նա` հավելելով, որ անպայման բողոքարկելու են խափանման միջոցի հարցը, ինչպես նաև մեղադրանքի պարզաբանմանն ուղղված քայլեր են իրականացնելու։ Արդեն իսկ դրա վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել։
Լրագրողներից մեկը հարցրեց Նաթան սրբազանին` այս որոշումը Եպիսկոպոսաց ժողովին խանգարելու նպատակ ունի՞։
«Չգիտեմ, Ոչ մի «քոմենթ» չեմ կարող անել»,– պատասխանեց նա։
Մեկ այլ լրագրող նշեց` պնդում կա, որ Գերագույն հոգևոր խորհուրդը այս կամ այն եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշում կայացնելու իրավունք չունի։
«Այո՛, ԳՀԽ-ն որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Որովհետև կարգալուծությունը միայն Ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է, և որևէ մեկը չի կարող կաթողիկոսի որոշումները չեղարկել կամ միջամտել»,– ասաց նա։
