Թրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը ՝ սպառնալով 50% մաքսատուրք սահմանել այդ ինքնաթիռների վրա, քանի դեռ ամերիկյան Gulfstreams ավիատիեզերական ընկերության արտադրանքները չեն հավաստագրվել այդ երկրում։
«Կանադան փաստացի արգելում է Gulfstream արտադրանքի վաճառքը Կանադայում այս նույն հավաստագրման գործընթացի միջոցով: Եթե այս իրավիճակն անմիջապես չշտկվի, ես Կանադայից 50% մաքսատուրք կգանձեմ Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած և բոլոր ինքնաթիռների համար», -գրել է Թրամփը Truth Social-ում:
Ամերիկյան CNN-ը գրում է, որ հասկանալի չէ, թե արդյոք Թրամփն ունի ինքնաթիռների վկայականը չեղարկելու իրավական լիազորություններ։ Սպիտակ տունը որևէ հրամանագիր չի հրապարակել կանադական ինքնաթիռների վերաբերյալ:
AeroDynamic Advisory խորհրդատվական ընկերության կառավարիչ տնօրեն Ռիչարդ Աբուլաֆիան CNN-ի հետ զրույցում ասել է, որ ոչ մի նախագահ երբեք ուղղակիորեն չի չեղարկել ինքնաթիռների հավաստագիրը: Որոշումը միշտ թողնվել է Դաշնային ավիացիոն վարչության ավիացիոն անվտանգության մասնագետներին։
