Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ-Իրան լարվածության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում սրվող լարվածության պայմաններում երկրի սահմանների անվտանգությունը ապահովվում է բարձր մակարդակով: Եվ համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկվել են պետական մարմինների համակարգմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան չի ցանկանում նոր բախումներ տարածաշրջանում և շարունակում է ջանքերը՝ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ պատրաստ լինելով հնարավոր բացասական զարգացումներին։
Իսկ նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթում շարունակել են հակաահաբեկչական գործողությունները սահմանների ներսում և դրանցից դուրս։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ևս 4 PKK-ական զինյլա (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանձնվել է, իսկ Սիրիայի գործողությունների գոտում ոչնչացված թունելների ընդհանուր երկարությունը հասել է 753 կմ-ի։ Սահմանային հսկողության շրջանակում ձերբակալվել է 173 անձ և կանխվել են սահմանը ապօրինի հատելու փորձեր։
Թուրքիայի ՊՆ-ն նաև անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Դամասկոսի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDG) միջև ձեռք բերված հրադադարի խախտումները բացասաբար են ազդում ինտեգրման գործընթացի վրա։ Ըստ հայտարարության՝ «SDG»-ն չի պահպանում մարտի 10-ի և հունվարի 18-ի համաձայնությունները, շարունակելով հրադադարի խախտումները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքի շրջանակում շարունակելու է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության դեմ պայքարին և երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
