«Հայաստան» դաշինքը վերջնական որոշում չունի, սակայն հակված ենք դաշինքային ֆորմատին. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար այսօր առկա են բարենպաստ պայմաններ, և  հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ և դաշինք:

«Հիմա հնարավորություն կա, որ մասնակցեն 8-10-ը, ոչ ավելի։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների  3, առավելագույնը՝ 4 խոշոր բլոկներով»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վերջնական որոշում դեռ չունեն, բայց հակված են գնալ նույն ֆորմատով։

«Փետրվարին ենք որոշումը կայացնելու, դեռ ժամանակ ունենք։ Նախկինում իմ ասածն ավելի շատ վերաբերել է այն կուսակցություններին, որոնք կարող են շեմը հաղթահարելու խնդիր ունենալ, և որպեսզի նախորդ ընտրությունների ժամանակվա ձայների փոշիացման պատկերը չունենանք, բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկները միավորելու համար։ Ես կցանկանայի, որ 3-4 այդպիսի բլոկ ունենանք։ Ունեմ ինֆորմացիա, որ իրար հետ բանակցում են, որոշ տեղ՝ հաջող, որոշ տեղ՝ ոչ: Բայց իմ տպավորությունն  այնպիսին է, որ պատկերը շատ  ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրություններում։ Ոչ թե 25 միավոր, որից 20-21-ը՝ ընդդիմադիր դաշտից»,- շարունակեց Քոչարյանը:

Կարդացեք նաև

Իսկ թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը, նա ասաց, որ հարցում են անցկացնելու փետրվարի սկզբին և դրանից ելնելով որոշելու են՝ ով է առաջնորդը լինելու:

«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից մեծ ձայներ բերողը ես եմ, ուրեմն՝ ես եմ մնալու։ Եթե մեր դաշինքում հայտնվել է մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովել՝ նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս