ՌԴ-ն մտածում է՝ ինչ կմտածի հայ ժողովուրդը, իսկ լծակները հսկայական են, մատի մեկ շարժումով… Քոչարյան

Ռուսաստանը հսկայական լծակներ ունի Հայաստանի վրա ազդելու այնպիսի քաղաքականությամբ, ինչպիսին այժմ Միացյալ Նահանգների նախագահն է վարում իր գործընկեր պետությունների դեմ՝ նրանց սպառնալով տարբեր չափերի մաքսատուրքերով, սակայն Ռուսաստանը շատ համբերատար է՝ կարևորելով, թե հայ ժողուվուրդն ինչ կմտածի իր մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով «հիբրիդային սպառնալիքների» և Հայաստանի իշխանություններին Եվրամիության խոստացած հնարավոր աջակցության թեմայի շուրջ։

«Եթե ընդհանրապես խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների ազդեցության մասին փոքրերի վրա, հիմա տեսնում ենք՝ [ԱՄՆ նախագահ] Թրամփն ինչպես է իր հարցերը լուծում. մեկն ինչ-որ բան ասեց՝ դուրը չեկավ, նույնիսկ իր պարտնյորներին՝ «250 տոկոս տարիֆ», «50 տոկոս տարիֆ», «80 տոկոս տարիֆ», և աշխատում է, այնպես չէ, որ չի աշխատում։ Հիմա պատկերացրեք, որ հանկարծ Ռուսաստանը որդեգրի նման ոճ աշխատելու այն տարածքների վրա, որոնք պատմականորեն համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի։

Պատկերացրեք՝ ինչ-որ մի բան հիբրիդային պատերազմից խոսեց, կամ Ալեն Սիմոնյանը մի հիմարություն ասաց, օրինակ՝ Ռուսաստանի նախագահը, տեսականորեն, հայտարարում է՝ 200 տոկոս տարիֆ Հայաստանի վրա։ Ի՞նչ ենք անելու։ Մենք ընդունում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է այս քաղաքականությունը վարել, բայց նույնիսկ մեր մտքով չի անցնում, որ Ռուսաստանը կարող է նման բան անել, որովհետև Ռուսաստանն իրեն այնպես է պահել այս ընթացքում, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է անել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ Ռուսատանի լծակները հսկայական են Հայաստանի վրա նման կարգի քաղաքականությամբ ազդելու։

Կարդացեք նաև

«Նման կարգի մի քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ՝ պրոբլեմ է։ Պրոբլեմ է, որովհետև մեր գյուղարտադրանքը, Ռուսաստանից բացի, ուրիշ տեղ չենք արտահանում։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը, այսպես ասած՝ հիբրիդային պատերազմի շրջանակներում նման մի քայլի դիմի։ Ռուսաստանը շատ համբերատար է, և իրենք, գիտեք՝ մեզ ինչպես են նայում. Նույնիսկ, եթե ինչ-որ մեկն ասում է՝ կտրուկ քայլ անենք, ասում է՝ բա էս հայ ժողովուրդը մեր մասին ի՞նչ կմտածի։ Շատ զգայուն են, թե մեր ժողովուրդն ինչ կմտածի Ռուսաստանի նկատմամբ։

Սա գալիս է մեր ընդհանուր անցյալից, շատ գործոններ կան, նաև մշակութային, անձնական կապերից։ Բայց մի պահ պատկերացրեք՝ եթե սկսեն վարվել Միացյալ Նահանգների պես։ Թրամփը չի մտածում՝ մեքսիկացին ինչ կմտածի, երբ ասում է՝ մաքսատուրքերը 100 տոկոս սահմանենք։ Մենք դա չենք գնահատում, ընդհակառակը՝ Ռուսաստանի հասցեին ինչ ասես՝ ուղղակի կամ անուղղակի փորձում ենք ձեխ շպրտել Ռուսաստանի վրա՝ չմտածելով, թե ինչ կարգի լծակներ ունի այդ երկիրը մեր ժողովրդի տրամադրության վրա ազդելու։

Ոչ միայն գյուղատնտեսությունը։ Վերջերս հրապարակվել է խոշոր հարկատուների ցուցակը։ Վերցրեք առաջին 10-ին, նրանցից 8-ն ամբողջությամբ փող են աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Մատի մեկ շարժումով կարող են դրանց մուտքը Ռուսաստան փակեն», – կարծում է երկրորդ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս