«Սառցե դարաշրջանի» ավարտ և պատմական այց. 8 տարի անց Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելում է Չինաստան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, ինչը բրիտանական կառավարության ղեկավարի առաջին այցն է այդ երկիր վերջին 8 տարվա ընթացքում (նախորդը Թերեզա Մեյի այցն էր 2018 թվականին)։
Այցը նախատեսված է հունվարի 28-ից 31-ը (4 օր)։ Այն ընդգրկում է հանդիպումներ Պեկինում և այց Շանհայ։

Սթարմերը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, ինչպես նաև վարչապետ Լի Ցյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզիի հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետին ուղեկցում են բրիտանական խոշորագույն ընկերությունների, համալսարանների և մշակութային հաստատությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։

Սթարմերը նշել է, որ Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, «գլուխը ավազի մեջ թաքցնելը» և աշխարհի երկրորդ տնտեսությունն անտեսելը անխոհեմություն կլինի։
Նա ձգտում է կայունացնել առևտրային կապերը, որոնք զգալիորեն սառել էին վերջին տարիներին։
Իր հարցազրույցներում Մեծ Բրիտանիայի վարչապետը շեշտել է, որ Լոնդոնը չպետք է ընտրություն կատարի Վաշինգտոնի և Պեկինի միջև։ Նա ցանկանում է պահպանել սերտ դաշնակցային կապերը ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ զարգացնելով պրագմատիկ հարաբերություններ Չինաստանի հետ։

Չնայած տնտեսական առաջնահերթություններին, բրիտանական կողմը հայտարարում է, որ ազգային անվտանգության հարցերում զիջումներ չեն լինելու, հատկապես լրտեսության և տեխնոլոգիական անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին։
Միջազգային լրահոսում Քիր Սթարմերի այցը Չինաստան որակվում է որպես «դիվանագիտական վերագործարկում» կամ «սառցե դարաշրջանի» ավարտ։ Այցի շուրջ համաշխարհային մամուլի և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում են հետևյալ առանցքային թեմաները.
Միջազգային լրատվամիջոցները (Reuters, Bloomberg, Financial Times) շեշտում են, որ Սթարմերին ուղեկցում է բրիտանական խոշոր բիզնեսի շուրջ 60 ներկայացուցիչ (այդ թվում՝ ֆինանսական, դեղագործական և տեխնոլոգիական ոլորտներից)։ Այդպիսով Լոնդոնը ցանկանում է մեծացնել բրիտանական արտահանման ծավալները և ներդրումներ ներգրավել, քանի որ Չինաստանը Մեծ Բրիտանիայի 3-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է։

Պեկինը (ըստ չինական Xinhua և CGTN գործակալությունների) այցը դիտարկում է որպես հնարավորություն՝ ամրապնդելու «քաղաքական փոխվստահությունը» և հակազդելու համաշխարհային պրոտեկցիոնիզմին։
Վերլուծաբանները նկատում են, որ Սթարմերը հրաժարվում է նախկինում հնչած «Ոսկե դարաշրջան» (Golden Age) եզրույթից՝ փոխարենը որդեգրելով «հետևողական և ռազմավարական» մոտեցում։
Սա փորձ է հավասարակշռել հարաբերությունները՝ միաժամանակ լինելով ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը։
Միջազգային մամուլը գրում է նաև այցի շուրջ Մեծ Բրիտանիայում առկա «դիմադրության» մասին: Ընդդիմությունը՝ պահպանողականները, քննադատում են Սթարմերին «թուլության» և անվտանգության հարցերում զիջումների գնալու համար (հատկապես Լոնդոնում Չինաստանի նոր հսկայական դեսպանատան կառուցման թույլտվությունից հետո)։
The Guardian-ը և այլ պարբերականներ նշում են, որ Սթարմերը ստիպված է լինելու բարձրացնել Հոնկոնգի, Սինցզյանի և Ջիմի Լայի (բրիտանահպատակ ակտիվիստ) հարցերը, ինչը կարող է լարվածություն ստեղծել բանակցություններում։
Washington Post-ը և այլ ամերիկյան ԶԼՄ-ներ, վերլուծաբաններ շեշտում են, որ այս այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վերադարձը փոխում է համաշխարհային առևտրային կանոնները։ Մեծ Բրիտանիան փորձում է իր տնտեսական շահերն ապահովագրել՝ չսահմանափակվելով միայն մեկ ուղղությամբ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը
