Ղազախստանը կորցրել է 3,8 մլն տոննա նավթ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի դեմ գրոհների պատճառով
Ղազախստանը կորցրել է մոտ 3.8 միլիոն տոննա նավթի արտահանում Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) վրա գրոհների պատճառով, տեղեկացրել է էներգետիկայի նախարար Երլան Ակենժենովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք կորցրել ենք մոտ 3.8 միլիոն տոննա նավթ ԿԽԿ-ի միջոցով, դա արտահանում էր։ (…) Մենք չենք արտահանել մոտ 3.8 միլիոն տոննա նավթ»,- ասել է նա չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նախարարը բացատրել է, որ «դա գնագոյացման հարց է»։
«Այս նավթը ո՛չ արտահանվել է, ո՛չ էլ վաճառվել։ Այն կվաճառվի ապագա գներով»,- նշել է նա։
Էներգետիկայի նախարարի խոսքով, հենց որ այդ նավթը վաճառվի, «մենք կստանանք բոլոր գործարքների վերաբերյալ բոլոր տվյալները, եւ այդ ժամանակ էլ կարող եմ ասել»։
Այժմ, էներգետիկայի նախարարության տվյալներով, նավթը գտնվում է պահեստում եւ «կվաճառվի ապագայում»։
Ավելի վաղ՝ 2025թ․ նոյեմբերի 29-ին, անանձնակազմ նավակների միջոցով հարձակումը խափանել էր Սեւ ծովում ԿԽԿ տերմինալում գտնվող կառամատույցային դուրս մղող սարքը (ВПУ-2)։ Այնուհետեւ, 2026թ․ հունվարի 13-ին, երկու լցանավ՝ Matilda-ն եւ Delta Harmony-ն, որոնք նախատեսված էին ղազախական նավթը տեղափոխելու համար, անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկվեցին ԿԽԿ տերմինալի մոտակայքում։ Այս լցանավերի վրա հարձակումը հաստատել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը եւ «ԿազՄունայԳազը», որոնք հայտնել են, որ Matilda-ն նավարկում էր Մալթայի դրոշի, իսկ Delta Harmony-ն՝ Լիբերիայի դրոշի ներքո։
Matilda-ն պետք է նավթ բեռներ հունվարի 18-ին, մինչդեռ Delta Harmony-ն հարձակման է ենթարկվել բեռնման սպասելիս։ Հետեւաբար, բեռնատար լցանավերը հարձակման պահին դատարկ էին, ինչը կանխլ է Ղազախստանի արտահանման ռեսուրսներին վնասի պատճառումը։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ ԿԽԿ-ն կապում է Ղազախստանի արեւմուտքում գտնվող նավթահանքերը եւ Կասպից ծովի շելֆում գտնվող ռուսական հանքավայրերը Նովոռոսիյսկի ծովային տերմինալի հետ։ Երթուղին 1 500 կիլոմետր երկարություն ունի։ Համակարգը ղազախական նավթի հիմնական արտահանման ուղին է, որը կազմում է Ղազախստանից խողովակաշարով մղվող ծավալի ավելի քան 80 տոկոսը: ԿԽԿ-ն կարող է տարեկան մոտ 72.5 միլիոն տոննա նավթ տեղափոխել Ղազախստանից եւ մինչեւ 83 միլիոն տոննա՝ Ռուսաստանի միջոցով:
