Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ռուբեն Ռուբինյանը փորձում է իրենց կառավարման տարիները համեմատել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ՝ ներկայացնելով թվեր և փորձելով դրանցով հիմնավորել իրենց ձախողված կառավարումը՝ այն ներկայացնելով որպես մեծագույն նվաճում։ Սակայն եթե խոսում ենք թվերի մասին, ապա պետք է խոսենք ամբողջական, օբյեկտիվ և չկեղծված իրականությունից, այլ ոչ թե ընտրովի փաստերից։
Եթե Ռուբինյանը ցանկանում է թվերով խոսել, ապա պարտավոր է իր թվերին ավելացնել հետևյալ անառարկելի փաստերը՝
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Արցախը ամբողջությամբ հայկական էր։
11.500 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում էր հայկական վերահսկողության տակ։
Արցախում 120.000 հայ խաղաղ բնակիչ ապրում էր իր հայրենիքում՝ առանց շրջափակման, առանց սովի, առանց էթնիկ զտման սպառնալիքի։
Այդ տարիներին ձեր իշխանության ներկայիս ներկայացուցիչների՝ այդ թվում Ալեն Սիմոնյանի կողմից, հստակ ու բաց խոսք էր հնչում․ «Արցախը մեր հայրենիքն է»։ Ավելին՝ Ալեն Սիմոնյանի համար հայրենիք էր համարվում նաև Աղդամը։
Ձեր կառավարման տարիներին նույն այդ 120.000 հայը ենթարկվեց էթնիկ զտման՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության սխալ, ձախողված և կապիտուլյանտ քաղաքականության հետևանքով։
Այդ մարդիկ չարտագաղթեցին․ նրանք բռնի տեղահանվեցին։ Նրանց տները, հողերը և պատմական հայրենիքը պարզապես հանձնվեցին Ադրբեջանին։
Եվ եթե թվերով ենք խոսում, ապա Ռուբինյանը պարտավոր է նշել նաև մեկ այլ թիվ՝
5000 երիտասարդի խեղված կյանք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
5000 երիտասարդ, որոնք իշխանության անգրագետ, անպատասխանատու և քաղաքականապես սնանկ քաղաքականության հետևանքով այլևս չեն կարող ապրել Հայաստանում։ Ոչ թե որովհետև արտագաղթել են, այլ որովհետև կենդանի չեն։
Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում մեկ բան․
Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ։
Եվ հասկանալով վերոնշյալը՝ ամենաքիչը, ինչ կարելի է անել, դա լռելն է»։
