Արցախից այս անձինք էվակուացվել են. նրանք վերջին մոհիկաններն էին, փաստորեն ադրբեջանական լծին չդիմացան. Արտակ Բեգլարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնել էր, որ մինչ այժմ Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ մեկ ռուս՝ ՀՀ քաղաքացիությամբ, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

«Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ասել էր Արսեն Թորոսյանը։

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս 10 անձանց մասով օգտագործել «վերադառնալ» տերմինը՝ սխալ է։

«Այս պարագայում այդ անձինք ոչ թե վերադարձել են, այլ էվակուացվել են։ Բռնի տեղահանվել, այս պահին դժվար է ասել, պետք է պատճառները հասկանանք, բայց եթե Արցախում գտնվող բոլոր հայերը նման ցանկություն են հայտնել, նշանակում է, որ իրենց կեցության պայմաններն այնքան վատն են, որ որոշել են տեղափոխվել Հայաստան։

Կարդացեք նաև

Փաստորեն մարդիկ 2 տարուց ավելի դիմացել են ադրբեջանական լծին, վստահ եմ, որ բավականին շատ զրկանքներ են կրել՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական, բայց որոշել էին մնալ իրենց հայրենի հողում, նույնիսկ ադրբեջանական լծի տակ։ Այդ մարդկանց համբերության բաժակը երևի լցվել է, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք միայնակ տարեցներ են, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով անձինք»,- 168.am հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, թե Արցախում այս անձանց հետ ինչ է տեղի ունեցել՝ չգիտի, նրանցից որևէ մեկի հետ կապի մեջ չի եղել։ Միայն այդ անձինք կարող են ասել, թե ինչու են 2 տարի անց նման որոշում կայացրել։

«2023 թվականի սեպտեմբերին մեր բռնի տեղահանությունից հետո Արցախում 40-50 հայեր էին մնացել, այս ամբողջ ընթացքում 1-2 հոգով Կարմիր խաչի աջակցությամբ նրանք տարբեր ժամանակներում եկել են Հայաստան՝ 2023-ի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր։ Այս անձինք վերջին մոհիկաններն էին, նրանք էլ փաստորեն ադրբեջանական լծին չդիմացան»,- հավելեց մեր զրուցակիցը։

2023 թվականի սեպտեմբերից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար Արցախից տեսանյութեր է հրապարակում՝ Արցախից հայտնի Ֆրեդ անունով մարդու մասնակցությամբ, որոնցում մշտապես տարեց մարդուն ադրբեջանցիները ծաղրում էին։ Արտակ Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ նա նո՞ւյնպես այդ 10 անձանց մեջ է, նա պատասխանեց՝ վստահ է, որ ադրբեջանցիներն Արցախում մնացած բոլոր հայերին էլ ծաղրել են, վիրավորել։

«Իրենք պետք է ասեն՝ իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն, խոշտանգումներ եղե՞լ են, թե՞ ոչ։  Անձնական արժանապատվությունն էին վիրավորում, ծաղրում, այս ամենը նույնիսկ ադրբեջանական սոցիալական ցանցերում է տեսանելի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե եթե Ադրբեջանը խաղաղության է գնում Հայաստանի հետ, նա Արցախից կտեղահանե՞ր վերջին 10 հայերին, Արտակ Բեգլարյանը պատասխանեց.

«Ադրբեջանը խաղաղության չի գնում, դրա վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, այդ թվում՝ տեղահանությունը։ Իրենք միշտ ասում էին, որ հայերը կարող են վերադառնալ, ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն ու մնալ։ Խնդրեմ, 10 հոգի մնացել էին, ի՞նչ եղավ, որ իրենք էլ որոշեցինք չմնալ Արցախում ու տեղահանվել։ Նրանց մեծ մասը հարազատներ չունի, այնպես չէ, որ հարազատների համար են եկել Հայաստան։ Նույնիսկ նման մարդկանց համար պայմաններն անտանելի են եղել, որ խնդրել են գալ Հայաստան, սա ըստ էության բռնի տեղահանության շարունակությունն է»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության վրա, իսկ դրանից առաջ նա 9 ամիս Արցախը պահել էր տոտալ շրջափակման մեջ։ Մեկօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախն ամբողջությամբ և ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանեց արցախահայերին։

Տեսանյութեր

Լրահոս