Թոշակների մասին Փաշինյանի մանիպուլյացիաներն արդեն մանկապարտեզի մակարդակի են. Հայկ Մամիջանյան
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ իրենց օրոք 16 հազար դրամից թոշակը դարձել է 43 հազար դրամ:
ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հիշեցրեց այս հայտարարությունը՝ շարունակելով, թե ՔՊ-ից ասում են՝ եթե դուք գաք, թոշակները նորից կդառնան 16.000 դրամ:
«Այստեղ լիքը մանիպուլյացիա կա, փորձենք կետերով հասկանալ:
Առաջին, Վահագն Ալեքսանյանը խոսում է նվազագույն կենսաթոշակի մասին, իսկ այն ստանում են այն մարդիկ, որոնք աշխատանքի անգամ մեկ օրվա ստաժ չունեն: Այդպիսի քաղաքացիները 660.000-ից շուրջ 70.000 են՝ 12 տոկոս: Այսինքն, այն, ինչ ասում է Վահագն Ալեքսանյանը, վերաբերում է մեր տատիկների և պապիկների 12 տոկոսին: Երկրորդ, երբ համադրում ես նվազագույն կենսաթոշակը և սպառողական զամբյուղը կամ գնաճ, գույքահարկի ավելացում, աղբահանության վճարների ավելացում, դեղորայքի գներ, էնտեղ թե ինչ բարելավում են իրենք ունեցել, անհամեմատ ավելի չնչին տոկոս է, քան իրենք փորձում են ներկայացնել: Վահագն Ալեքսանյանը խոսել է նաև քեշբեքից, դրանից անցած տարի օգտվել է կենսաթոշակառուների մոտ 50 տոկոսը»,- լրագրողի հարցադրմանը պատասխանեց պատգամավորը և հավելեց, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին «միջին կենսաթոշակը բարձրացվել է 3.6 անգամ»:
«Եթե համադրես, թե ՀՀԿ-ն իր կառավարման տարիներին միջին կենսաթոշակն ինչքան էր բարձրացնում, միջինում ստացվում է, որ շուրջ 2300 դրամով ամեն տարի միջինում միջին կենսաթոշակը բարձրացրել ենք, իսկ իրենք տարեկան մոտ 1300 դրամով են բարձրացրել»,- մանրամասնեց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
