«Մեր ատոմակայանի 1-ին ռեակտորի կառուցումը 99%-ով ավարտված է». թուրք նախարար
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորի կառուցումը 99%- ով ավարտված է։ Նպատակ կա մինչև 2050-ը միջուկային հզորությունը հասցնել 20.000 մեգավատի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Աքքույու» միջուկային կայանը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր արտասահմանյան ուղղակի ներդրումն է, որն արվել է Ռուսաստանի կողմից։ Շինարարական աշխատաքնները մեկնարկել էին 2018-ից։
Մասնագետները նշում են, որ այդ նախագծի միջոցով Թուրքիան առաջատար դիրքում է հայտնվում ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ նաև տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ նրանց՝ ատոմակայանը լայնորեն բացել է համաշխարհային միջուկային լիգայի դռները թուրքական բիզնեսների համար։
Մասնավորապես «Ատոմային արդյունաբերության ասոցիացիայի» ղեկավար Ալիքան Չիֆթչին նշել է, որ «Աքքույու» ատոմակայանը նոր դարաշրջան է բացել թուրքական բիզնես աշխարհի համար ու թուրքական ընկերությունները սկսել են ներգրավվել աշխարհում իրականացվող միջուկային նախագծերում։ Ըստ նրա՝ Թուրքիան այս մրցավազքի մեջ մտել է ճիշտ ժամանակին՝ թուրքական 2000 ընկերություններով։
