Բաժիններ՝

Հյուսիսային Ամերիկայից շուտով ինքնաթիռներ կժամանեն Գրենլանդիա. NORAD

Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) մի քանի ինքնաթիռ մոտ ապագայում կժամանեն Գրենլանդիայի ամերիկյան ռազմակայան՝ ԱՄՆ-ին կղզու միացման Վաշինգտոնի նկրտումների ֆոնին։ Այս մասին հրամանատարությունը տեղեկացրել է X հարթակի իր էջում:

«Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ինքնաթիռները շուտով կժամանեն Գրենլանդիայի Պիտուֆիկ տիեզերական բազա։ Մայրցամաքային Միացյալ Նահանգների և Կանադայի ռազմաբազաներից գործող օդանավերի հետ միասին դրանք կօժանդակեն NORAD-ի նախապես պլանավորված տարբեր միջոցառումներին՝ հենվելով ԱՄՆ-ի և Կանադայի, ինչպես նաև Դանիայի Թագավորության միջև հաստատուն պաշտպանական համագործակցության վրա », – ասվում է NORAD-ի հաղորդագրության մեջ։

Հրամանատարության պնդմամբ՝ «այս գործունեությունը համակարգված է Դանիայի Թագավորության հետ, և օժանդակող բոլոր ուժերը գործում են անհրաժեշտ դիվանագիտական ​​համաձայնեցումներով»։

Միացյալ Նահանգները և Կանադան NORAD-ի ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել 1958 թ. մայիսի 12-ին՝ Սառը պատերազմի հենց սկզբին։ Գլխավոր նպատակն է ապահովել բալիստիկ հրթիռների արձակման մասին վաղ տեղեկացումը և պաշտպանությունն ինքնաթիռներից և թևավոր հրթիռներից, որոնք կներխուժեն երկու երկրների օդային տարածք:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից կսկսի գանձել 10%-ի չափով մաքսատուրք, որը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև կողմերը համաձայնության չգան Վաշինգտոնի կողմից Գրենլանդիայի «լիակատար և վերջնական ձեռքբերման շուրջ»։ Այդ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ին, իսկ հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրանա մինչև 25%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս