Սիրիայի քրդական հիմնական ուժերի առաջնորդը ԱՄՆ-ին կոչ է արել «ավելի վճռական միջամտել»
Սիրիայի քրդական հիմնական ուժերի առաջնորդը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի վճռական միջամտի՝ վերջ տալու համար սիրիական հարձակմանը, որի հետևանքով քուրդ զինյալները վերջին օրերին կորցրել են ռազմավարական տարածքներ:
Կառավարական զորքերը շաբաթ օրը հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում վերջին տասնամյակում քրդական կիսանկախ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա՝ գրավելով Եփրատ գետի երկու ափերին գտնվող քաղաքները, ինչպես նաև երկրի խոշորագույն նավթային ու գազային հանքավայրերը, հայտնել են պաշտոնական անձինք և անվտանգության մարմինների աղբյուրները:
Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հրամանատար Սիպան Համոն հայտարարել է, որ ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքի և քուրդ պաշտոնյաների շաբաթ օրը կայացած հանդիպումը չի հանգեցրել հրադադարի ճանապարհային քարտեզի ստեղծմանը: Միևնույն ժամանակ, նա հերքել է, թե սիրիացի քրդերը ցանկանում են անջատվել կամ անկախ պետություն ստեղծել, և ասել է, որ իրենց ապագան Սիրիայի կազմում է:
«Ամենից շատ հույս ունենք, որ շոշափելի արդյունք ձեռք կբերվի հատկապես կոալիցիայի և Միացյալ Նահանգների գործողությունների շնորհիվ, ինչը նշանակում է, որ նրանք ավելի վճռական կմիջամտեն առկա խնդիրներին, քան անում են ներկայումս»,- ասել է Համոն:
Սիրիական զորքերը շարունակում են հարձակումը՝ չնայած ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության՝ կանգ առնելու կոչին: Համոն նշել է, որ քրդական իշխանությունները գիտակցում են՝ Վաշինգտոնն այժմ ստիպված է հավասարակշռություն պահպանել ԻՊ-ի դեմ պայքարում օգնած քրդական ուժերի հետ բազմամյա դաշինքի և նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած սիրիական կառավարությանը ցուցաբերվող նոր աջակցության միջև: Սակայն, հաշվի առնելով «տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ քրդերի մտահոգությունը», ԱՄՆ-ն պետք է նրանց պաշտպանության երաշխիքներ տրամադրի:
«Ներկայիս իրավիճակում և քաոսում, որում ապրում ենք, միակը, ով կարող է երաշխիքներ առաջարկել, Միացյալ Նահանգները կամ կոալիցիան են,- հավելել է նա Հասաքե նահանգից տված հարցազրույցում, որը դեռևս գտնվում է քրդերի վերահսկողության տակ: – Կարծում ենք, որ Սիրիայի ներսում ներկայումս տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատվությունն ընկած է արևմտյան երկրների և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա»:
Համոն հերքել է, թե YPG-ն աջակցություն է ստանում Իրանից կամ Ռուսաստանից, սակայն հույս է հայտնել, որ Իսրայելը կմիջամտի իրավիճակին սիրիացի քրդերի անունից:
«Իհարկե, մենք Իսրայելը համարում ենք հզոր պետություն տարածաշրջանում՝ սեփական օրակարգով: Հույս ունենք, որ նույն դիրքորոշումը, որը տարածաշրջանի մյուս երկրներն ունեն Սիրիայում որոշակի փոքրամասնությունների նկատմամբ, կտարածվի նաև քրդերի վրա»,- ասել է Համոն:
Հարցին, թե արդյոք նա նկատի ունի Իսրայելի դիրքորոշումը դրուզական փոքրամասնության նկատմամբ անցյալ ամռանը, երբ Իսրայելն ավիահարվածներ հասցրեց Պաշտպանության նախարարությանը, Դամասկոսի նախագահական պալատին և դրուզական քաղաքների վրա հարձակվող սիրիական զորքերին, Համոն պատասխանել է. «Իհարկե»:
