ԹՐԻՓՓ-ին ՌԴ-ի ու Թուրքիայի մասնակցություն չի քննարկվել, բայց․․․ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ նախագծին Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման հարց չեն քննարկել։ Այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է այսօր՝ հունվարի 14-ին, Վաշինգտոնում՝ ՀՀ դեսպանության շենքում, կազմակերպված հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով նախորդ օրը Վաշինգտոնում իր և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։

«ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ, և ԹՐԻՓՓ-ը, ինչպես կար, այնպես էլ այս պահին մնում է՝ որպես Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ բիզնես գործունեություն։ Միևնույն ժամանակ, ավելի լայն՝ ապաշրջափակման համատեքստում եթե դիտարկենք, իհարկե, ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործարկմամբ այդ ենթադրյալ Ասիա-Եվրամիություն մեծ լոգիստիկ անցումը չի ստեղծվի, Հայաստանի ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի։ Գիտեք՝ Թուրքիայի հետ վաղուց կա խոսակցությունն այս ուղղությամբ՝ բավական կառուցողական խոսակցություն։ Կարծում եմ՝ մոտ ապագայում արդեն շոշափելի առաջընթաց և քայլեր կունենանք։ Բայց, իհարկե, բոլորիս ընկալումն այն է, որ ապրանքը, բեռները, ծառայությունները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ Ադրբեջան, այնուհետև ՀՀ տարածք, Նախիջևան, Նախիջևանից՝ կրկին Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում, և եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը։

Արտգործնախարարի խոսքով՝ հետևաբար, տրամաբանական է, որ Թուրքիան ապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ ԹՐԻՓՓ-ի մասով։

Արարատ Միրզոյանը հավելել է, որ ԹՐԻՓՓ-ին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը նույնպես չի քննարկվել։

Կարդացեք նաև

«ԹՐԻՓՓ-ի շրջանակները մեծ հաշվով արդեն բավականին պարզ են, բայց նաև մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Ռուսաստանը Հայաստանի տարածքում տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի՝ նույն երկաթուղիներում, և սա Ռուսաստանին ևս կարող է կապի, համագործակցության հնարավորություններ ստեղծել ԹՐԻՓՓ-ին առնչվող գործունեության մեջ»,- նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում էին ունեցել Վաշինգտոնում, որից հետո հրապարակվել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։

Տեսանյութեր

Լրահոս