ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունվարի 15-ին ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հունվարի 15-ին շրջիկ սպասարկում կիրականացվի մի շարք համայնքներում։

Մասնավորապես՝ ժամը 11:00–16:00՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30–16:00՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տարբեր տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք՝ տեղում ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։ Բացի այդ, վարորդական իրավունքի և սեփականության վկայականների, ինչպես նաև հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները կարող են մոտենալ շրջիկ գրասենյակներին և ստանալ նոր փաստաթղթեր, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

ՆԳՆ-ից նաև տեղեկացնում են, որ հունվարի 15-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հունվարի 8-ին ընդունված դիմումների շրջանակում պատրաստված փաստաթղթերը քաղաքացիներին հանձնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս