Իրանը մեղմացրել է որոշ սահմանափակումներ ցույցերի ընթացքում զոհերի աճի ֆոնին
Իրանը վերջին մի քանի օրվա ընթացքում առաջին անգամ մեղմացրել է որոշ սահմանափակումներ և երկրի բնակիչներին թույլ է տվել բջջային հեռախոսով զանգել արտերկիր։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ ինտերնետի հասանելիության և հաղորդագրության ծառայությունների նկատմամբ սահմանափակումները չեն մեղմացվել. հասանելի են միայն կառավարության կողմից հաստատված կայքեր։
Թեհրանում գործակալության աղբյուրները նշել են, որ իրացիները կարողացել են զանգահարել արտերկիր, սակայն արտերկրից զանգեր ընդունել չեն կարողացել։
Միևնույն ժամանակ The Associated Press-ը, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հաղորդում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 646-ի։
Երկրում ինտերնետի արգելափակման պատճառով Ֆինլանդիայի արտգործնախարարություն է կանչվել Իրանի դեսպանը։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ցուցարարներին լռեցնելու համար ինտերնետի արգելափակումը «չի հանդուրժվի»։ Նա նշել է, որ Ֆինլանդիան աշխատում է Եվրամիության հետ «իրանցիների ազատությունը վերականգնելու միջոցառումներ փնտրելու ուղղությամբ»։
