Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Գրենլանդիային վերաբերող երկու միմյանց հակասող օրինագիծ

Հանրապետական ​​և Դեմոկրատական կուսակցություններից ​​ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները ներկայացրել են Գրենլանդիայի վերաբերյալ երկու մրցակցող օրինագիծ։ Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հանրապետական ​​կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել է «Գրենլանդիայի բռնակցման և նահանգի կարգավիճակ տալու մասին» օրինագիծ, հաղորդում է The Hill-ը։

Փաստաթղթում դանիական տարածքն անվանվում է «ազգային անվտանգության կենսականորեն կարևոր ակտիվ», և պնդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիազորված է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Դանիայի Թագավորության հետ բանակցությունների մեջ մտնել փորձելու ճանապարհով, Գրենլանդիան որպես Միացյալ Նահանգների տարածք բռնակցելու կամ այլ կերպ ձեռք բերելու նպատակով»: Իսկ հետագայում նախատեսվում է օրենսդրության փոփոխության միջոցով նոր ձեռք բերված տարածքն ընդունել որպես նահանգ։

Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ջիմի Գոմեսը, ինչպես գրում է Axios-ը, քննարկման է ներկայացնում «Գրենլանդիայի ինքնիշխանության պաշտպանության մասին» օրինագիծը, որը ենթադրում է «Գրենլանդիա ներխուժման, դրա բռնակցման, գնման կամ այլ կերպ ձեռք բերման» համար դաշնային միջոցների օգտագործման արգելք։

Փաստաթղթով նաև նախատեսվում է դադարեցնել կղզում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման կամ հանրային ազդեցության այն արշավների ֆինանսավորումը, որոնց նպատակն է համոզել կղզու բնակիչներին աջակցել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավմանը։

Միևնույն ժամանակ Axios-ը նշում է, որ երկու օրինագիծն էլ չափազանց քիչ շանսեր ունեն։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիա կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է պաշտպանական նպատակների համար։ Նա բազմիցս խոսել է կղզին «այս կամ այն ​​կերպ» ստանալու իր մտադրության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս