Բաժիններ՝

Ես իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասին

«Ես իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Իտալիայի Տոբլաչ քաղաքում տեղի ունեցած Tour de Ski մրցույթի ժամանակ հայ դահուկորդն իր մարզաշապիկի վրա կպչուն ժապավենով ծածկել էր «Ադրբեջան» գրությունը։ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով այդ քայլի կապակցությամբ։

«Դա նրանց իրավունքն է․ կարող են որքան ուզեն և ինչքան ուզեն դիմեն։ Մեր դահուկային սպորտի ֆեդերացիայի մասով կարող եմ ասել, որ նրանք ամբողջությամբ իմ կողքին են և աջակցում են իմ այդ քայլին»,– նշեց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ինքը տեղյակ է եղել, որ Ադրբեջանը հովանավոր է հանդիսանալու Աշխարհի գավաթի խաղարկությանը, սակայն չի իմացել, որ համապատասխան գրությունը հենց այդ օրը լինելու է մարզաշապիկի վրա։ Միքայելյանի փոխանցմամբ՝ մարզաշապիկը մարզիկներին տրամադրվում է մրցելույթից ընդամենը երկու ժամ առաջ, և առանց դրա մեկնարկի դուրս գալը թույլատրելի չէ։

«Դրանով են քեզ իդենտիֆիկացնում մրցելույթի ընթացքում որպես մարզիկ։ Երբ ստացանք մարզաշապիկը և տեսանք գրությունը, առանց երկմտելու փակեցինք ու գնացինք մեկնարկի»,– նշեց դահուկորդը։

Միքայել Միքայելյանը վստահեցրեց, որ տեղի ունեցածը որևէ հիմք չի կարող հանդիսանալ իր մարզական կարիերայի վրա ազդելու կամ իրեն որակազրկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս