Երկու երես. հունիսին այլ բան էր ասում, հունվարին՝ այլ. հերթական «տիրադավի»՝ Գուսան վարդապետի գլխիվայր շուռ գալու իրական պատճառները
Այսօր Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը միացավ Նիկոլ Փաշինյանի ու տասը տիրադավ եպիսկոպոսների՝ Վեհափառ հայրապետի և եկեղեցու դեմ արշավին:
Նա Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է.
«…Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։
…. Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան եւ մեր հոգեւոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց, կ’ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը եւ ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ»:
Հետաքրքրական է, որ ընդամենն ամիսներ առաջ՝ հունիսի սկզբին, նույն Գուսան վարդապետը ծայրահեղ հակառակ մի գրառմամբ աջակցել էր Հայ եկեղեցուն ու նրա գահակալ առաջնորդին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին` նրան անվանելով ազգային միասնության խորհդրանիշ:
Իսկ հիմա` ուշադրություն. ահա թե նույն անձնավորությունն ինչ էր գրել հունիսի սկզբին.
«…ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետէն ալ՝ անընդունելի է եւ ﬔրժելի հայութեան հաւատքի եւ հոգեւոր արժանապատուութեան հասկացութեամբ։
Գալով վարչապետի Վեհարանը ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ յարձակում համայն հայութեան հոգեւոր կենտրոնի վրայ։ Վեհարանը եւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են եւ Սրբավայրեր, այլեւ ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ կը պահուին ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նուիրական ժառանգութիւնները։ Մենք որպէս Շվեյցարիոյ թեմ հաւատաւոր անդաﬓեր եւ ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրէն կը դատապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոնք կը դիտարկենք որպէս ﬕջամտութիւն եկեղեցական գործերու եւ ուղիղ յարձակում ﬔր հոգևոր կենդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրայ:
Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխութեան եւ ﬔր ազգային ﬕասնութեան վրայ»,- ասվում էր նույն Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեանի և Շվեյցարիայի հայոց թեմի գործադիր խորհրդի ու ազգային միությունների անունից գրված տեքստում:
Եվ ուրեմն, ի՞նչ է Գուսան վարդապետի՝ գլխիվայր շուռ գալու պատճառը. կոմպրոմատնե՞րը, գուցե իրեն այլ հոգևորականով փոխարինելու Վեհափառի որոշո՞ւմը, թե՞ բոլորը միասին: Նրան ճանաչողները չեն բացառում բոլոր տարբերակները:
Ի դեպ, Գուսան վարդապետին այլ հոգևորականով փոխարինելու մասին. մեր տեղեկություններով՝ նրան Շվեյցարիայում փոխարինելու է մեկնելու Պարթև Սրբազանը՝ Գեղարքունիքի թեմակալ առաջնորդը:
