Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին Կիպրոսի կողմից Եվրամիության նախագահության ստանձնման առիթով հունվարի 7-ին անցկացված միջոցառումների ընթացքում հայտարարել է, թե իրենք հերքում են Կիպրոս կղզու վերաբերյալ շրջանառվող «օկուպացիա», «ներխուժում», «անջատում» և նմանօրինակ այլ արտահայտությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նաև պնդել է, թե այդպիսի արտահայտություններն ընդհանրապես չեն համապատասխանում Կղզու պատմական, ինչպես նաև ներկայիս իրականությանը:

«Կղզում եղած միակ «օկուպացիան» բխում է Կիպրոսի հունական կողմի՝ 1963-ին սահմանադրության և Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքները խախտելուց և գործընկերային պետությունների լիազորությունների յուրացումից»,-հավելել է Քեչելին:

Բացի այդ, վերջինս ԵՄ պաշտոնյաներին մեղադրել է կիպրոսցի թուրքերի գոյությունն անտեսելու և մարդկային արժեքների նկատմամբ երկակի ստանդարտներ ունենալու մեջ:

«Մյուս կողմից այն փաստը, որ Կիպրոսի հունական կողմը, հրապարակավ ստանձնած պարտավորություններին հակառակ, սկզբից ի վեր չարաշահել է ԵՄ-ում իր նախագահությունը՝ ներկայացնելու իր աղավաղված հռետորաբանությունը և անզիջում դիրքորոշումները Կիպրոսի խնդրի վերաբերյալ, ցույց է տալիս, թե ինչու ԵՄ-ն չի կարող լինել չեզոք և կառուցողական դերակատար Կիպրոսի խնդրի լուծման հարցում»,- եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս