Սա Ալեն Սիմոնյանի հրահրած ու նրա կողմից նախաձեռնված գործընթաց է. անհասկանալի է միջազգային կազմակերպությունների լռությունը. Հայկ Մամիջանյան
Հայաստանում այս պահին 50-ից ավելի քաղբանտարկյալ կա, ինչն աննախադեպ թիվ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը նաև ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում է։
«Ինձ համար անհասկանալի է միջազգային կառույցների լռությունը, հստակ գնահատականների անհրաժեշտություն կա։ Տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյանը։ Սա հստակորեն Ալեն Սիմոնյանի հրահրած ու հետագայում իր իսկ կողմից դիմում տված գործընթացն է, որի գնահատականները պետք է լինեն»,- նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց՝ ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ պահի իշխանությունը։
«Էական է, թե ընդդիմությունը դրան ինչպես է պատասխանելու։ Նիկոլ Փաշինյանի համար գոյություն ունի երկու աթոռ՝ կամ վարչապետի աթոռը, կամ բերդի «նառերը»»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
