Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից
Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին:
«Վիգեն Էուլջեքչյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակը ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար, – ասվում է «X» ցանցում տարածված կազմակերպության հայտարարության մեջ՝ նկատառմամբ,- Այս նամակագրությունն ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակումը։ Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը»:
Կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նամակի փոխանցման գործում ունեցած կարևոր դերի համար:
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
