ԱՄՆ-ը չորս պահանջ է ներկայացրել Ռոդրիգեսին, որոնցից Մադուրոն հրաժարվել է․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չորս պահանջ է ներկայացրել Վենեսուելայի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որոնցից Նիկոլաս Մադուրոն հրաժարվել էր։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռոդրիգեսից ակնկալում են, որ նա միջոցներ կձեռնարկի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև Վենեսուելայից կվտարի «Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված գործակալներին», այդ թվում՝ Իրանից և Կուբայից։ Բացի այդ, Վաշինգտոնը Ռոդրիգեսից պահանջում է դադարեցնել նավթի մատակարարումները ԱՄՆ-ի հակառակորդներին և աջակցել Վենեսուելայում ազատ ընտրությունների անցկացմանը։ Ի վերջո, Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ Ռոդրիգեսը հրաժարական կտա, գրում է Politico-ն։

Հրապարակման մեջ նշվել է, որ այս պահանջների կատարման համար Ռոդրիգեսի առջև կոնկրետ ժամկետներ չեն դրվել։ Այնուամենայնիվ, Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վենեսուելայում նոր նախագահի ընտրության քվեարկություն անցկացնելն անհնար է, քանի դեռ երկրում «կարգուկանոն չի հաստատվել»։

Պարբերականը հիշեցրել է, որ Դելսի Ռոդրիգեսը Նիկոլաս Մադուրոյի վաղեմի դաշնակիցն է և սոցիալիստական հայացքների կողմնակից։ Այդուհանդերձ, ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները, Վաշինգտոնում վստահ են, որ նա կկատարի ԱՄՆ-ի պահանջները։

Տեսանյութեր

Լրահոս